Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ն զբաղվում է Ադրբեջանի պահանջով Բելառուսում ձերբակալված բլոգերի հարցով


Բլոգեր Ալեքսանդր Լապշին, արխիվ
Բլոգեր Ալեքսանդր Լապշին, արխիվ

Հայաստանի արտգործնախարարությունը զբաղվում է Ադրբեջանի պահանջով Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով՝ այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց արտգործնախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:

«Մենք այդ հարցով զբաղվում ենք, մեր գործողությունների մանրամասներ, հասկանալի պատճառներով, առայժմ չենք կարողանում ներկայացնել», - ասաց Բալայանը:

Բելառուսի մայրաքաղաքում իր ձերբակալության մասին առաջինը Facebook-ի միջոցով տեղեկացրեց Լապշինը՝ նշելով, որ իրեն զրկել են ազատությունից Ադրբեջանի պահանջով:

Իսրայելական Haaretz պարբերականը մանրամասներ է հաղորդում․ Իսրայելի ու Ռուսաստանի քաղաքացի, 40-ամյա Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է անցած չորեքշաբթի Մինսկում՝ կնոջ հետ Բելառուսի մայրաքաղաք այցելելու հաջորդ օրը: Փաստաբանը տեղեկացրել է, որ բելառուս իրավապահները բլոգերին ձերբակալել են Ադրբեջանի պահանջով, քանի որ 2011թ․ ապրիլին և 2012թ․ հոկտեմբերին Լապշինը այցելել էր Լեռնային Ղարաբաղ, այդ այցերի մասին գրառումներ էր արել իր բլոգում, ինչի հետևանքով հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»: Ադրբեջանական դատախազությունը քրեական գործ էր հարուցել՝ տեղի քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածների հատկանիշներով՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ոտնահարման հրապարակային կոչեր և երկրի քաղաքական սահմանը հատելիս անհրաժեշտ փաստաթղթերի բացակայություն: Բաքուն պահանջում է արտահանձնել բլոգերին:

Իսրայելական պարբերականը հավելում է՝ Լապշինը նաև քննադատական հրապարակումներով է հանդես եկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին, և բլոգերի ընտանիքը մտահոգված է՝ Ադրբեջան արտահանձնելու դեպքում նրա կյանքը կարող է վտանգվել:

Ինչ դիրքորոշում ունեն Ռուսաստանի իշխանությունները՝ հայտնի չէ, թեև բլոգերի ձերբակալությունը լայն արձագանք է ստացել ռուսաստանյան լրատվամիջոցներում: Փոխարենը՝ Ադրբեջան Լապշինի արտահանձնումը կանխելու նպատակով քայլեր է ձեռնարկում Իսրայելի արտգործնախարարությունը:

Հատկանշական է, որ բլոգերի ձերբակալությունը տեղի ունեցավ Բաքու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այցից մոտ երկու շաբաթ անց: Բաքվում Իլհամ Ալիևը Բելառուսն արդեն 22 տարի նախագահող Լուկաշենկոյին պարգևատրեց Ադրբեջանի բարձրագույն պարգևով՝ Հեյդար Ալիևի անվան շքանշանով, ինչին ի պատասխան՝ Հայաստանի դաշնակից համարվող երկրի ղեկավարը խոստացավ վաստակել այն կրելու իրավունքը:

Լապշինի ձերբակալությունը Բելառուսի և Ադրբեջանի իշխանություններին դարձրել է տարբեր երկրների բլոգերների, լրագրողների քննադատության թիրախ: Երկու օր առաջ անգամ բողոքի ակցիա է տեղի ունեցել Լիտվայում Բելառուսի դեսպանատան առջև:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանն այսօր «Ազատության» հետ զրույցում «խայտառակություն» որակեց բլոգերի ձերբակալությունը:

«Սա, իհարկե, խայտառակություն է: Հասկանալի է, որ կան բելառուսա-ադրբեջանական շահեր, միգուցե՝ անձնական շահեր ղեկավարների այս կամ այն գործարքի մեջ, բայց կա նաև օրենք, կան մարդու իրավունքներ: Եվ հիմա, փաստորեն այնպես է ստացվել, որ կոպտորեն ոտնահարվում են Բելառուսում, որը առանց այն էլ խնդիրներ ունի այդ պարագայում և կարծում եմ՝ մեծ հարված է Բելառուսի վարկանիշին», - նշեց Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG