Ոստիկանության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանի խոսքով՝ երեխաները հիմնականում ենթարկվել են ծեծի և սեռական բռնության․ - «Գերակշիռ մասը ծեծն է՝ 56 դեպք, սեռական անձեռնամխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունները՝ 73-ը: Արձանագրվել է երեխայի թրաֆիքինգի մեկ դեպք: Դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու 19 դեպք, ծանր վնաս պատճալու 8 դեպք: Բոլորով համապատասխան ընթացք է ստեղծվել, նյութեր են ստեղծվել, քրեական գործեր են հարուցվել»:
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, ով տարիներ ի վեր փորձում է պաշտպանել ընտանեկան բռնությունների ենթարկվածների ու երեխաների իրավունքները, «Ազատության» հետ զրույցում ասաց, թե Հայաստանում ոչ միայն չեն պաշտպանվում երեխաների իրավունքները, այլև նրանք ամենախոցելին են: Ըստ նրա ուսումնասիրությունների, եթե բռնության ենթարկված կինը կարող է դեռ ուժ գտնել և խոսել իր նկատմամբ կատարված բռնարարքների մասին, ապա երեխաների ճիչը մնում է տան 4 պատերի ներսում․ - «Իր իրավունքը եթե նույն մայրը չպաշտպանի, որևէ մեկը այլևս չի պաշտպանում: Շատ հաճախ խնամակալության հանձնաժողովները ևս պրոֆեսիոնալ չեն Հայաստանում, որպեսզի կարողանան գնահատել իրավիճակն այնպես, ինչպես հարկն է, և երեխային խոցելի վիճակից հանեն»:
Ըստ մասնագտեների, վիճակն ավելի տխուր է, երբ ծնողներն ամուսնալուծված են: Երբեմն թշնական հարաբերությունների հետևանքով հենց երեխաներն են դառնում իրավիճակի զոհը: Սակավաթիվ դեպքերում, Հովհաննիսյանի փոխանցմամբ, երեխաները մասնագետների հետ զրույցներում որոշ մանրամասներ են պատմում․ - «Անգամ շատ հաճախ ասում են՝ մայրդ մահացել է, կամ մոր բարոյական կերպարի վերաբերյալ շատ վատ բաներ են պատմում: Ընդհուպ մենք ունեցել ենք դեպք, երբ երեխային ասել են, որ՝ հանկարծ չգնաս, մորս հետ չտեսակցես, որովհետև նա քո օրգանները կվաճառի: Այդպիսի վախեր են ներշնչում երեխային, ինչը էլի խաթարում է նրա հոգեկան առողջությունը»:
Բռնության ենթարկված կանանց ժամանակավոր ապաստան տրամադրող «Լայթհազուզ» մայրատան հոգեբան Լիանա Սարգսյանը տարիների ընթացքում լսել է երեխաների նկատմամբ կատարված բռնության սահմռկեցուցիչ պատմություններ: Օրինակ՝ 14 տարեկան երեխան հղիացել էր մոր ամուսնուց, կամ հոգեբանական կտտանքների պատճառով երեխան դադարել էր խոսել․ - «Երեքուկես տարեկան երեխան չի խոսում: Մորը ասում եմ՝ ինչո՞ւ չես տանում բժշկի, ասաց՝ ես գիտեմ, որ խնդիրը ինձնից ա գալիս, որովհետև ես երեխային ամեն անգամ դեմ էի տալիս հորը, ու երեխան այդ վախից չի խոսում»:
Վախի մթոնոլորտում ապրող երեխաններից շատերը նախընտրում են լռել՝ թաքցնելով ծնողների հանցագործությունը: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի իրավական վերլուծության բաժնի պետ Լուսինե Սարգսյանի խոսքով, թեպետ կոնկրետ վիճակագրություն այս պահին չունեն բռնության ենթարկված երեխաների մասով, բայց լինում են դեպքեր, երբ երեխաները անգամ անձամբ են օգնություն խնդրում․ - «Խնդիրն այն է, որ շատ դեպքերում մեզ զանգում են, ուղղակի հետո դիմում չեն գրում: Այսինքն մենք խնդրի մասին ծանոթանում ենք, բայց մարդիկ չեն ցանկանում իրենց անձնական տվյալները ասել, չեն ցանկանում գրավոր դիմում գրել»:
Ծեծի ու բռնության պատճառը, ըստ տարբեր պատմությունների, հիմնականում ընտանիքում է լինում, ինչ-որ զանցանքի համար: Սակայն վերջերս նաև ահազանգ է եղել կրթական հաստատությունում վատ վերաբերմունքի մասին․ - «Ունեցել ենք դիմում, որ դպրոցում է հենց վատ վերաբերմունք կիրառվել երեխայի նկատմամբ, և գործը հիմա քննության փուլում է մեզ մոտ: Խնդիրներ կան դպրոցներում ևս: Խնդիրը նաև օրենսդրական է, որովհետև մեր օրենքը հստակ չի ամրագրում երեխայի նկատմամբ մարմնական պատիժ կիրառելու արգելքը: Փորձը ցույց է տալիս, որ պետք է օրենսդրությամբ հենց անմիջական բացարձակ ամրագրել, որ արգելվում է երեխայի նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը որպես պատժի միջոց»:
Վերջին ամսիներին երեխաների նկատմամբ բռնության մի քանի աղմկահարույց դեպքեր եղան․ մի դեպքում պատահական անցորդն էր Բուսաբանական այգում նկատել, թե ինչպես է մայրը երեխային ապտակում, մեկ այլ դեպքում 8-ամյա դստերը ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնելու համար հայրը ենթարկվել էր ընդամենը 30.000 դրամ տուգանքի: Երեխաների պաշտպանության ցանցը խորը մտահոգություն էր հայտնել վերջին դեպքի կապակցությամբ՝ ընդգծելով, որ դատական այսպիսի վճիռը բռնարարի վարքագծի շտկմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ չի նախատեսում:
Դեռևս 2010 թվականին իրականացված Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը վկայում է, որ 2-14 տարեկան երեխաների շուրջ 40 տոկոսի նկատմամբ ֆիզիկական բռնությունը կիրառվում է որպես դաստիարակության մեթոդ:
«Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության կողմից 2015-ին իրականացված ուսումնասիրությունը փաստում է, որ այդ ցուցանիշը անցած հինգ տարիների ընթացքում գրեթե չի փոխվել: