Մատչելիության հղումներ

Միացյալ Նահանգների ընտրիչների կոլեգիան այսօր պաշտոնապես կընտրի երկրի նոր նախագահին


Ամերիկացիները դեռևս նոյեմբերի սկզբներին են տեղեկացել, որ Սպիտակ տունը ղեկավարելու է միլիարդատեր գործարար Դոնալդ Թրամփը, սակայն ԱՄՆ-ում նախագահ են ընտրում ոչ թե ուղիղ համաժողովրդական քվեարկությամբ, այլ Ընտրիչների կոլեգիայի միջոցով, որտեղ յուրաքանչյուր նահանգ, իր բնակչության թվի հարաբերակցությամբ ընտրալիազորներ ունի։

Ընտրիչների կոլեգիան 538 անդամ ունի:

Իրավական մեխանիզմի համաձայն՝ ընտրողն ընտրիչին պատգամում է ընտրել այս կամ այն թեկնածուին։ Գրեթե բոլոր նահանգներում թեկնածուն, ով շահել է քաղաքացիների քվեների մեծամասնությունը, վաստակում է այդ նահանգի բոլոր ընտրիչների ձայները։ Յուրաքանչյուր ընտրիչ ընտրություններից հետո մեկ քվե տալիս է նախագահին, մեկը` փոխնախագահին: Ընդ որում, ընտրիչն, ըստ օրենքի, պարտավորված չէ կատարել ընտրող քաղաքացու պատգամը, բայց գործնականում կոլեգիան արտահայտում է քաղաքացիների կամքը։

Ամերիկյան պատմության վերջին տասնամյակների ամենալարված և դրամատիկ ընտրություններն ավարտվել են հանրապետական Դոնալդ Թրամփի համոզիչ հաղթանակով: Նա Ընտրիչների կոլեգիայում վաստակել է 276 քվե, հաղթանակի համար անհրաժեշտ էր առնվազն 270: Նրա մրցակիցը՝ դեմոկրատ Հիլարի Քլինթոնը, ստացել է 218 քվե: Մինչդեռ համաժողովրդական քվեարկությամբ Քլինթոնը ստացել է մոտ 2 միլիոն 9 հարյուր հազար ձայն ավելի, քան հանրապետական մրցակիցը:

Սա ամերիկյան պատմության ընթացքում հինգերորդ դեպքն է, վերջին տասնվեց տարվա ընթացքում՝ երկրորդը, երբ համաժողովրդական քվեարկությամբ հաղթող թեկնածուն չի ստանում ընտրիչների կոլեգիայի ձայների մեծամասնությունը: Տեսականորեն երկու թեկնածուները կարող են ստանալ ընտրիչների հավասար ձայներ: Այդ դեպքում նախագահին ընտրում է Ներկայացուցիչների պալատը։ Այդպես է պատահել 1800 և 1824 թվականներին։

Այս համակարգի ընդդիմախոսների կարծիքով, կոլեգիան իր էությամբ հակադեմոկրատական է, քանի որ արդյունքը կախված է մնում «չկողմնորոշված» նահանգներից։ Ընտրիչների կոլեգիայի աջակիցներն, իրենց հերթին, պնդում են, որ այդ մարմինը շատ կարևոր է, քանի որ պաշտպանում է երկրի ֆեդերալիզմի հիմքը և փոքր նահանգների հավասարությունը։

Նահանգների մեծ մասում օրենքն արգելում է ընտրիչներին դեմ գնալ ընտրողների ընտրությանը: Հակառակվողներին ընդունված է ասել «սխալ ընտրիչներ» (faithless electors): Ընտրիչների ժողովներն ավանդաբար անցնում են խաղաղ, աննկատ, սակայն ոչ այս անգամ. գործընթացն ուշադրության կենտրոնում է հայտնել նախ այն պատճառով, որ դեմոկրատ թեկնածու Քլինթոնը ուղղակի քվեարկության արդյունքներով առաջ է անցնում Թրամփից: Լարվածությունը կրկնապատկվել է այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ամերիկյան հետախուզությունը հայտարարեց, թե Ռուսաստանի կառավարությունը դեմոկրատական կուսակցության դեմ համակարգչային հարձակումների օգնությամբ փորձել է ընտրությունների ընթացքը փոխել հօգուտ Թրամփի:

Միլիարդատեր գործարարը ամերիկյան հատուկ ծառայությունների եզրահանգումները անհիմն է որակել, պնդելով, որ չկա հաքերների հետ Ռուսաստանի կապը ապացուցող փաստ, և որ Մոսկվան աջակցել է իր թեկնածությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG