Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին հաջողվել է պատրաստել «լավ տեքստ»


Խաղաղ բնակիչները տարհանումը Հալեպի արևելյան թաղամասերից: 19-ը դեկտեմբերի, 2016 թ․
Խաղաղ բնակիչները տարհանումը Հալեպի արևելյան թաղամասերից: 19-ը դեկտեմբերի, 2016 թ․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր քննարկելու է Հալեպում միջազգային դիտորդների տեղաշարժին վերաբերող բանաձևի նախագիծը, որը պիտի համակարգի քաղաքի արևելյան թաղամասերից խաղաղ բնակչության տարհանման գործընթացը:

Ավելի վաղ Ռուսաստանը հայտարարում էր որ դեմ կքվեարկի, եթե նախագծում ընդգրկվեն միայն Ֆրանսիայի առաջարկությունները: Երեք ժամ տևած բանակցությունների արդյունքում երեկ բանաձևի նախագծի տեքստը, որում հաշվի են առնվել և՚ Ռուսաստանի, և՛ Ֆրանսիայի առաջարկությունները, համաձայնեցվել է:

Բանակցությունների ավարտին ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, թե Անվտանգության խորհրդի անդամներին հաջողվել է պատրաստել «լավ տեքստ»:

Ըստ համաձայնեցված նախագծի, ՄԱԿ-ը և հումանիտար մի շարք կազմակերպություններ կվերահսկեն Հալեպի արևելյան թաղամասերից ու քաղաքի մյուս հատվածներից մարդկանց տարհանման գործընթացը:

Սիրիայի հարցը երեկ քննարկվել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցի ընթացքում: Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն, նախագահները քննարկել են, մասնավորապես, Հալեպի խաղաղ բնակչության տարհանմանը, կրակի դադարեցմանը վերաբերող հարցեր:

Ռուսաստանը նաև ընդունել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկը՝ Աստանան դարձնել սիրիական ճգնաժամի կարգավորմանն ուղղված բանակցությունների հարթակ: Այս հարցը վաղը Մոսկվայում կքննարկեն Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները: Փորձագետները չեն բացառում, որ այդ հանդիպման արդյունքում վերսկսվեն միջսիրիական բանակցությունները:

Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան չեն թաքցնում իրենց ռազմական ներկայությունը Սիրիայում: Ռուսաստանում գործող Քաղաքական հետազոտությունների կենտրոնի Ասիայի և Աֆրիկայի բաժնի ղեկավար Արսենի Գրիգորյեվի կարծիքով, Մոսկվայի և Թեհրանի դիրքորոշումները մոտ են՝ հնարավորինս երկար պահպանել Բաշար Ասադի ռեժիմը: Իսկ Իրանի համար կարևոր է, որ Սիրիայում կառավարական մակարդակով պահպանվի շիա մահմեդականների ներկայությունը:

Թուրքիան, մինչդեռ, չի թաքցնում, որ պատերազմում է ոչ միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության, այլև Ասադի բանակի դեմ: Գրիգորյեվը կարծում է, որ Անկարան կարող է ընդունել Մոսկվայի և Թեհրանի առաջարկները, եթե, իհարկե, ընդունվեն թուրքական կողմի առաջադրած պայմանները, որոնցից մեկը կարող է լինել Ռուսաստանի և Իրանի չեզոքությունը Սիրիայի հյուսիսում ձևավորվող դե ֆակտո ինքնիշխան Քուրդիստանի հարցում:

Ամեն դեպքում, ըստ ռուսաստանցի վերլուծաբանի, եթե տարածաշրջանում կարևոր դերակատարում ունեցող այս երեք երկրները չհամակարգեն իրենց քաղաքականությունն ու գործողությունները Սիրիայում, ռազմական բախումներն անխուսափելի կլինեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG