Մատչելիության հղումներ

Քանդակագործ Հարություն Կարապետյանին նույնպես հրավիրել են ԱԱԾ՝ «ընկերական զրույցի»


Ի տարբերություն Վահան Արծրունու, Կարապետյանը կտրականապես հրաժարվել է գնալ հանդիպման:

Քանդակագործ Հարութ Կարապետյանն արդեն երկրորդ արվեստագետն է, որ վերջին 5 օրերի ընթացքում հայտնվել է Ազգային անվտանգության ծառայության ուշադրութան տիրույթում: Ինչպես երաժիշտ Վահան Արծրունու դեպքում, նրան էլ ԱԱԾ-ից ծանուցագիր չեն ուղարկել, այլ հեռախոսազանգով «ընկերական» զրույցի են հրավիրել:

«Ասացի՝ ի՞նչ հարցով եք կանչում: Բա՝ չէ, էդ ասելու բան չի հեռախոսով: Ասում եմ՝ համ ասում ես ընկերական, համ ասում ես ասելու բան չի: Չես ուզում ծանուցագիր ուղարկես», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Կարապետյանը՝ շարունակելով․ - «Մասնագիտություն հարցրեց, ասացի քանդակագործ եմ: Ասեց՝ կգաս, մի քիչ քանդակներից կխոսանք, արվեստից կխոսանք»:

Ի տարբերություն Արծրունու, ում քաղաքական հարցերից բացի, նաև անձնական կյանքին վերաբերող հարցեր են տվել(օրինակ, ինչպե՞ս է վաստակում ապրուստը), քանդակագործ Հարութը կտրականապես հրաժարվել է հանդիպման գնալ, ինչի պատճառով էլ, ասում է, արժանացել է ԱԱԾ աշխատակցի վիրավորանքին․ - «Ասում ա՝ ինչի ես կապիկություն անում․․․ Ախր վախով երկիր չեն կառուցում: Ո՞ւմ են վախացնում»:

Նա ասաց, որ դրան մեծ նշանակություն չէր տա, եթե լսած չլիներ Արծրունու դեպքի մասին: Քանդակագործը, որ տարիներ շարունակ ակտիվորեն մասնակցել է Թեղուտի, Թռչկանի, Մաշտոնցի պուրակի համար պայքարող շարժումներին, հուլիսյան դեպքերին եղել Խորենացի փողոցում և չի թաքցնում, որ լավ ընկերներ ունի ընդդիմադիր «Հիմնադիր խորհրդարանում», այսօր կարող է միայն ենթադրել, թե ինչու հանկարծ Ազգային Անվտանգության ծառայությունը հետաքրքվեց իր ոչ այդքան հայտնի անձով․ - «Հիմա էպոսը ինչ-որ արգելված գրականություն ա դառել, իսկ ես ժամանակին էպոսի թեմաներով քանդակներ ունեի: Կարող ա հիմա որպես ագիտացիա են համարում, կանչում են, ասեն՝ էդ թեմայով ստեղծագործություններն արգելվում ա»:

Իրավապատշպան Արթուր Սաքունցը ԱԱԾ-ի վարքագիծը ոչ միայն դատապարտելի, այլև վտանգավոր է համարում: Զուգահեռներ տանելով ստալինյան բռնաճնշումների ժամանակ ՆԿՎԴ-ԿԳԲ-ի գործելաոճի հետ՝ իրավապաշտպանը ընդգծում է, որ սա մարտահրավեր է ակտիվ պայքարող, ազատ մտածող հասարակությանը․ - «Սա համարում եմ ճնշում: Եվ ոչ միայն այդ անձանց նկատմամբ, այլ հանրության շրջանում դա որպես սովորական պրակտիկայի ձևավորմանն ուղղված քայլեր: Որ սովորե՝ք․ ԱԱԾ-ն այսուհետ ցանկացած քաղաքացու կարող է հրավիրել՝ ըստ իր նախաձեռնության, ըստ իր ցանկության, առանց որևէ իրավական հիմնավորման: Սա շատ վտանգավոր և տոտալիտար գործելակերպին բնորոշ վարքագիծ է»:

Քանդակագործ Հարութի խոսքով, խորհրդային տարիների բռնաճնշումներից հետո շատ տարիներ չեն անցել, որպեսզի մարդիկ չանհանգստանան այդպիսի զանգերից․ - «Լեռ Կամսարը էդ ընկերական զրույցի պատճառով մի քառասուն տարի գնաց: Չարենցը չիմացանք ինչ եղավ էդ ընկերական զրույցից հետո»:

«Հրեշավոր տարիների կրկնողությունը չպետք է թույլ տրվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց խորհրդրային տարիների այլախոհ, գրող-հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը: - «Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնում է 7 հազար հոգու՝ մի օրում [Հանրապետական] կուսակցության մեջ ընդունվելը, Հայաստանի, այսպես կոչված, սերուցքի մի դահլիճում հավաքված միաձայն քվեարկելը: Դա նշանակում է, որ Հայաստանում կա վախի մթնոլորտ, դա նշանակում է, որ կա ստորաքարշություն ներքևից մինչև վերև այդ իշխող համակարգի մեջ»:

ԱԱԾ մամուլի կենտրոնից «Ազատությանը» փոխանցեցին, որ դեպքերի կապացությամբ այս պահին մեկնաբանություն չունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG