Մատչելիության հղումներ

Ավարտվող տարում ոստիկանական համակարգից 26 ոստիկան է հեռացվել


Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, գնդապետ Վարդան Հարությունյան
Ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, գնդապետ Վարդան Հարությունյան

Դա երկու անգամ ավելի է նախորդ տարվա ցուցանիշից:

Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի աշխատանքները համակարգող, ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, գնդապետ Վարդան Հարությունյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, որ եթե 2015-ին աշխատանքից հեռացման պատճառը հիմնականում հանրահավաքների ժամանակ ոստիկանների վատ պահվածքն էր, ապա այս տարի հաշվի են առել նաև այլ գործոններ, մասնավորապես՝ ալկոհոլի, թմրամիջոցի օգտագործում և այլն։

«Համակարգից հեռացածների թվում նաև փոխգնդապետներ կան», - ասաց Հարությունյանը՝ առանց, սակայն, անուններ տալու:

Ընդամենը ամիսներ առաջ Երևանում բախումներ տեղի ունեցան ոստիկանների և բողոքի ցույցի մասնակիցների միջև։ Ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքը գրավելու օրերին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց, իրավապաշտպանների գնահատմամբ՝ նաև բռնություն կիրառեց բերման ենթարկված հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ։

Այդ օրերին քննադատության ենթարկվեցին բարձրաստիճան ոստիկաններ՝ մասնավորապես, այդ ժամանակ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը։ Վերջինս, ըստ առկա տեսագրությունների, նույնիսկ սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցրել ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հասցեին:

Հատուկ քննչական ծառայության մամլո խոսնակ Միքայել Ահարոնյանը «Ազատությանը» հայտնեց, որ ՀՔԾ-ում շարունակվում է քաղաքացիների նկատմամբ ոստիկանների վատ վերաբերմունքի համար հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս քրեական գործով, գնդապետ Հարությունյանի փոխանցմամբ, նաև փոխոստիկանապետ Երանոսյանի գործողություններն է քննվում։

Անդրադառնալով հնչող քննադատությանը, թե Սարի թաղի ու Խորենացու իրադարձություններից հետո Լևոն Երանոսյանի լիազորությունները չդադարեցվեցին՝ գնդապետ Վարդան Հարությունյանն ասաց․ - «Ծառայողական քննությունը սկսվել է էդ դեպքերի հետ կապված լրատվական միջոցներում հրապարակումների կապակցությամբ: Բնականաբար, բոլոր գործողություններին անդրադարձ կկատարվի նախաքննության ավարտից հետո»:

Ոստիկանության գնդապետը քննադատեց քաղաքացու նկատմամբ ոստիկանների ցանկացած բռնություն․ - «Դա քաղաքացու սահմանադրական իրավունքների ոտնահարում է, իսկ կարգապահական [առումով] կոպիտ խախտում է, և, բնականաբար, ճիշտ չէ ոստիկանը: Ավելի զգոն պիտի լինի ոստիկանը քաղաքացու հետ շփումներում, ավելի պատշաճ, ավելի վայելուչ վերաբերմունք ցուցաբերի: Եվ բնական է, յուրաքանչյուր դեպքում պետք է լինի, ինչպես նշեցինք, հեռացումներ, տույժեր: Դեպքեր եղել են, որ ոտնահարվել են քաղաքացիների սահմանադրական իրավունքները, հեռացվել են ծառայությունից»:

Վարդան Հարությունյանը համոզված է, որ նախորդ տարիների համեմատ ոստիկանությունն իսկապես բարեփոխվել է ու շարունակում է բարեփոխվել․ - «Բոլոր տեսանկյուններով, բոլոր բնագավառներում ակնհայտ է, որ ոստիկանը իրականում բարեփոխված է և՛ քաղաքացիների հետ շփումներում, և՛ ծառայության իրականացման կարգապահության ամրապնդմամբ»:

Իրավապաշտպանների պնդմամբ՝ եթե 2015-ին ապօրինի բերման է ենթարկվել 237 քաղաքացի, ապա այս տարի այդ թիվը եռապատկվել է։ Խոսքը 2015-ի «Էլեկտրիկ Երևանի» և այս տարի ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրերին անցկացված բողոքի ակցիաների ժամանակ բերման ենթարկվածների մասին է։

Արթուր Սաքունցը շեշտում է, որ այս թվերը բավարար են պնդելու, որ կարգապահական պատասխանատվությունը ազդեցություն չի թողել ոստիկանների վարքագծի վրա․ - «Քանի որ թիվը ավելացել է, հետևաբար այդ ծառայողական քննության նշանակությունը և ազդեցությունը ես համարում եմ բացասական»:

Իրավապաշտպանը բավարար չի համարում այն, որ այս տարվա ցույցերից հետո կարգապահական պատասխանատվության ենթարկվեցին ոստիկանության մի շարք ծառայողներ, այդ թվում՝ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով օրեր անց ազատվեց պաշտոնից և անցավ կադրերի ռեզերվ․ - «Այն մարդիկ, որոնք գլխավոր պատասխանատուներն են՝ ասենք, ոստիկանապետեր, բաժնի պետեր, քրեական-հետախուզական բաժինների պետեր և այլն, նրանք պետք ա հեռացվեն: Ոչ միայն հեռացվեն, այլև քրեական պատասխանատվության շատ դեպքերում ենթարկվեն»:

Ինչ վերաբերում է փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի պաշտոնավարմանը, Սաքունցը պնդում է, որ անկախ քրեական գործի ընթացքից, նա գոնե մինչև դրա ավարտը չպետք է շարունակեր պաշտոնավարել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG