Մատչելիության հղումներ

Հարձակումներ երևանյան երկու բանկոմատների վրա, կատարվել է հափշտակություն


Այսօր առավոտյան հարձակումներ են տեղի ունեցել միանգամից երկու բանկերին՝ ՎՏԲ-ին և «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ»-ին պատկանող բանկոմատների վրա:

Նշենք, որ պայթյունի պատճառով ամբողջությամբ ավերվել է Սարյան փողոցի վրա գտնվող «Ակբա»-ին պատկանող բանկոմատը, որտեղ եղած գումարը հափշտակվել է: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Գողացված գումարի չափն առայժմ չի նշվում:

Ոստիկանության լրատվական բաժնից «Ազատությանը» փոխանցեցին, միայն, որ ահազանգը քաղաքացուց ստացել են առավոտյան ժամը 06:15-ին, առ այն, որ Երևանի Սարյան 8 և Սարյան 10 հասցեների միջնամասում ձայներ են լսվում, մարդիկ են նկատել, հնարավոր է, որ գողություն են կատարում։

Ի դեպ ուժեղ պայթյունի արդյունքում կոտրվել էին բանկոմատի հարևանությամբ գտնվող բնակելի տան ապակիները, տան բակում էին հայտվել անգամ բանկամոտի գովազդային վահանակի կտորները:

«Գիշերը ժամը հինգի կողմն էր, պայթյուն լսեցինք, ապակիների կոտրվելու ձայնն էլ էինք լսել, բայց չէինք հասկացել, որ մեր տան ապակիներն են կոտրվել», - պատմեց տան տերերից մեկը․ - «Կարող էր երեխա լինել․․․ շատ վտանգավոր է այս ամենը: Երևի ոստիկանության կողմից թերի աշխատանքն է, երևի թե պետք էր, որպեսզի ոստիկանները ավելի ուշիմ և ավելի շատ փողոցներում պարեկություն անեն»:

Ինչ վերաբերում է Բաղրամյան պողոտայի վրա գտնվող ՎՏԲ-ի բանկոմատին, ապա այս դեպքում անհայտ անձինք այն փորձել են պայթեցնել գազի բալոնի օգնությամբ: Սակայն նրանց, ըստ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի, բանկոմատում գտնվող գումարը հափշտակել չի հաջողվել:

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ առավոտյան 8։40 Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 56 հասցեում գործող բանկոմատին կա ամրացրած գազի բալոն և այլ հարմարանքներ։

«Ազատության» այցելության պահին գազի բալոնը դեռ դեպքի վայրում էր, և մասնագետները վնասզերծման աշխատանքներ էին կատարում: Մարդկանց անգամ մի պահ տարածքից հեռացրեցին՝ հնարավոր պայթյունի հետևանքներից ապահովագրելու համար:

Իրավապահ մարմիններն առայժմ տեղեկություն չեն տրամադրում հարձակումներ կատարողները հայտնաբերվե՞լ են, թե՞՝ ոչ:

Այսօր ավելի ուշ Հատուկ քննչական կոմիտեն քրեական 2 գործ հարուցեց՝ մեկը բանկոմատից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու, մյուսը՝ գողության փորձի առիթով։ Տարածած հաղորդագրության մեջ Կոմիտեն նշում է, որ նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձը կամ (անձինք) այսօր վաղ առավոտյան` ժամը 05:20-ի սահմաններում, վնասելու եղանակով բացել են Սարյանի փողոցում գտնվող «Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկ»-ին պատկանող բանկոմատը և հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: Նախնական տվյալներով խոսքը մոտ 8 միլիոն դրամի մասին է:

Ինչ վերաբերում է Բաղրամյան 56 հասցեում տեղակայված ՎՏԲ-ի բանկոմատին, ապա այս դեպքում էլ ըստ Քննչական կոմիտեի՝ «առերևույթ հանցագործություն կատարած անձը փորձել է պայթյունի եղանակով բացել բանկոմատը և հափշտակել առկա՝ առանձնապես խոշոր չափերով գումարը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել»: Քննչական կոմիտեն հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Այս պահին ձերբակալվածներ չկան:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG