Հալեպում տարիներ շարունակված մարտերից հետո այսօր սկսվեց զինյալների ու նրանց ընտանիքների տարհանումը ընդդիմության վերահսկողության տակ մնացած վերջին շրջաններից: Սիրիական պետական հեռուստաընկերության կադրերում երևում են երիտասարդ տղամարդկանց, կանանց ու երեխաների տեղափոխող տասնյակ ավտոբուսներ ու շտապօգնության մեքենաներ։
Տեղում հազարավոր մարդիկ տարհանման կարիք ունեն, սակայն առաջին հերթին դուրս են բերվում վիրավորները, հիվանդներն ու երեխաները, հայտարարում է Սիրիայում մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի խորհրդական Յան Իգլանդը:
Հաղորդվում է, որ շարասյունը ուղևորվում է ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Իդլիբ քաղաք, տարհանմանը հետևում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ անօդաչու սարքերի օգնությամբ ուղիղ հեռարձակում է ապահովում:
Զինյալների ու նրանց ընտանիքների տարհանումը հնարավոր դարձավ Ասադի վարչակազմին աջակցող ռուսների ու ընդդիմությանը սատարող Թուրքիայի միջև ձեռք բերված համաձայնությունից հետո: Ավելի վաղ՝ շուրջ երկու շաբաթ, Ասադի վարչակազմը ռուսների աջակցությամբ մեկը մյուսի ետևից դուրս էր մղում ընդդիմադիրներին Հալեպի շրջաններից։
Այսօր արդեն Հալեպի հարյուրից ավելի թաղամասերն ամբողջությամբ ազատագրված են, հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչը, հավելելով՝ առաջիկա օրերին այդ տարածքներում Ռուսական կողմի աջակցությամբ կսկսվեն տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման, տուժած ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ:
Մինչ Կրեմլն ու Ասադի վարչակազմը հայտարարում են հաղթանակի ու ապագային վերաբերող ծրագրերի մասին, Արևմուտքում չի մարում անհանգստությունը պաշարված շրջաններում մնացած մարդկանց ու նրանց սպառնացող վտանգների վերաբերյալ:
«Չի կարելի կանանց, տղամարդկանց ու երեխաներին թողնել հրթիռակոծության վտանգի տակ, թողնել այն ուժերի հարևանությամբ, որոնք սպառնում են նրանց անվտանգությանն ու անմարդկային վերաբերմունք դրսևորում նրանց նկատմամբ», - այսօր Բրյուսելում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ կոչ անելով եվրոպացի գործընկերներին իրենց ձայնը բարձրացնել որքան հնարավոր է արագ․ - «Մենք պետք է անհապաղ դատապարտենք այն, ինչ կատարվում է Սիրիայում: Նախագահ Ասադն ու նրա աջակիցները՝ Ռուսաստանում, Իրանում, պատասխանատվություն են կրում Հալեպի ողբերգության համար: Եկել է պահը, երբ մեղավորները պետք է պատասխան տան իրենց արածների համար: Տեղում մնացած հազարավոր մարդիկ այլևս ի վիճակի չեն դիմանալ ստեղծված սոսկալի պայմաններին»:
Եվրամիության առաջատար երկրի առաջնորդը միաժամանակ խիստ քննադատել է Ռուսաստանին՝ պնդելով, թե Կրեմլին չի կարելի վստահել, քանի որ շարունակ դրժում է իր իսկ տված խոստումները։
Ի դեպ՝ Եվրամիության առաջնորդների այսօրվա հավաքին ներկա գտնվելու իրավունք էր տվել նաև Հալեպի արևելյան շրջանների ղեկավարին։ -«Տեղում շուրջ 50 հազար մարդ դեռ պատանդ է մնում, նրանք ձեր աջակցության կարիքն ունեն», - դիմելով Եվրամիության ղեկավարներին՝ հայտարարել է Բրիտա Հագի Հասանը․ - «Մենք Եվրամիությունից մեկ պահանջ ունենք՝ եղեք խիզախ ու ակտիվ քայլեր ձեռնարկեք խաղաղ բնակչությանը փրկելու համար, սա վերջին հնարավորությունն է՝ գնացեք դրան հանուն մարդկության: Փրկե՛ք խաղաղ բնակչությանը, պատժե՛ք մարդասպաններին: Միջազգային օրենքը սպանվեց Հալեպում, սպանվեց Սիրիայում, որովհետև ողջ աշխարհը լռությամբ արձագանքեց մարդկության դեմ կատարված այս հանցագործությանը»։