Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան․ 2008 թվականից հետո մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի բռնությունը որպես գործիք չօգտագործենք


Հրապարակվել է անցած շաբաթավերջին Լեռնային Ղարաբաղում մտավորականների հետ Հայաստանի նախագահի հանդիպման ամբողջական տեսագրությունը:

Անդրադառնալով «Սասնա Ծռեր» զինված գործողության հանգուցալուծմանը՝ նախագահն արվեստի տարբեր ոլորտի ներկայացուցիչներին ասել է, թե իր իշխանությունը ոչ միայն խոսքով, այլ գործով երբեք բռնության կողմնակից չի եղել․ - «Այնքան մեղմություն, որ իմ խոսքերում է մշտապես պարունակվում, դժվար թե գտնեք մեկ այլ երկիր, գոնե մեր տարածաշրջանում: Բացի դրանից, մենք կոնկրետ փաստերի հետ ենք առնչվել, բայց գոնե 2008 թվականից հետո մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի բռնությունը որպես գործիք չօգտագործենք: Հուլիսյան դեպքերի ժամանակ, իսկ դա, իմ պատկերացմամբ, մի առիթ էր, որտեղ իշխանությունը կարող էր ցույց տալ իր ուժը, և որևէ միջազգային կառույց կամ որևէ այլ պետություն կշտամբանքի որևէ խոսք էլ չէր կարող ասել: Բայց մենք, մեծ ռիսկի դիմելով, գնացինք քայլերի, որ ի վերջո շատ փոքր արյուն եղավ»:

Եվ սա, ըստ Սերժ Սարգսյանի, արվել է ոչ թե ծափահարությունների արժանանալու, այլ օրինակ ցույց տալու համար, «թե ինչպես կարելի է․․․ վարվել մարդկանց հետ, ովքեր զենքում ուզում են փոխել իշխանություն, զենքով գալ իշխանության»:

Հայտնի մտավորականներին նախագահը բերում էր եվրոպական երկրների, Միացյալ Նահանգների օրինակը՝ ցույց տալու, որ բռնությունները երբեք ու որևէ տեղ բացառված չեն․ - «Օրեկան ինչքան մարդ են սպանում, և ինչ ձևերով, ինչ մեթոդներով: Ինչպես ցանկացած հանցագործություն, բռնությունը ևս միշտ լինելու է մարդկության բաղկացուցիչ մասը»:

Այդուհանդերձ բռնությունը չդատապարտելու, հուլիսյան իրադարձություններին համարժեք չարձագանքելու համար մտավորականների հետ հանդիպմանը Սարգսյանը նրանց կշտամբեց՝ միաժամանակ, սակայն, չանդրադառնալով այն արվեստագետներին, ովքեր անգամ աջակցություն էին հայտնել զինված խմբին․ - «Ի՞նչ եք կարծում, քանի՞ հոգի ելույթ ունեցան և դատապարտեցին հուլիսյան դեպքերը, մարդիկ, ովքեր իրենց համարում են մտավորականներ, մարդիկ, ովքեր իրենց համարում են մշակութային գործիչներ․․․ Բռնություն բացառելը, այո՛, իհարկե, պետության գործն է: Բայց բոլորդ խոսում եք օրենքի գերակայության մասին, և եթե պետությունը իր կոշտ միջոցները չկիրառի, ապա հասարակության մեջ կարգ ու կանոն չի լինի․ բայց բռնության բացառումը նաև քաղաքացիական հասարակության գործն է, միգուցե՝ առաջնահերթ գործը: Ես վստահ եմ՝ եթե գոնե հարյուր հոգի, հարյուր քսան հոգի, իսկ մեր երկրում տասնյակ հազարավորներ իրենց համարում են մտավորական, վեր կենային և արդար խոսք ասեին, շատ ավելի հեշտությամբ մենք կարող էինք հաղթահարել այդ պրոբլեմները»:

Արվեստագետները հիմնականում իրենց ոլորտներին վերաբերող հարցեր էին ուղղում Սերժ Սարգսյանին, ավելի շատ էին շնորհակալական խոսքերը:

Ամենամեծ քննարկումը ծավալվեց սերիալների շուրջ, որոնց որակից մի քանիսը դժգոհեցին: Նախագահի արձագանքը․ - «Եթե ես լավ կինո չեմ կարողանում ստեղծել, խոսում եմ վատ սերիալի մասին, դե իհարկե, մեղավորը իշխանությունն ա»:

Թերևս ամենակոշտ հարցադրումը հնչեցրեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը․ - «Գրքի հանդեպ օտարվածությունը մեր երկրում նաև պայմավորված է մեր քաղաքական երևացող վերնախավի՝ Ազգային ժողով, Կառավարություն, հակագրքային, այլ բառ չեմ գտնում, մոտեցմամբ: Գալիք ընտրություններից առաջ, որպես Հանրապետական կուսակցության նախագահ, ինչպես եք պատկերացնում այդ մաքրման և արդարության գործընթացը մեր երկրում, նաև գրքի հետ կապված»:

«Արդարությունը հարաբերական հասկացողություն է․․․ Եվ եթե քեզ համար մեր երկիրը արդար կլինի, եթե բոլորը գիրք կարդան, ես կարծում եմ, Էդիկի համար արդարությունը էն կլինի, որ բոլորը լսեն քառյակ, ինչպես մաեստրոնէ ասում», - արձագանքեց Սերժ Սարգսյանը:

Նախագահին դուր չեկավ Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրենի դիտարկումը, թե մեծահարուստներին պետք է հուշել, որ եկեղեցի կառուցելու փոխարեն թանգարանի շինարարություն ֆինանսավորեն: Սերժ Սարգսյանն ասաց․ - «Չի կարելի դրանք հակադրել: Մենք ընդհանրապես շատ քիչ եկեղեցիներ ունենք մեր բնակավայրերում: Եվ այստեղ ես համամիտ չեմ: Նրանք, ովքեր փորձում են եկեղեցի կառուցել ոչ թե նրա համար, որ իրենց անունը էնտեղ գրեն, այլ նրա համար, որ մարդիկ գնան եկեղեցի, տեղ ունենան աղոթելու, ծիսակատարություններ անցնելու, ես դրան կողմնակից եմ»:

Սերժ Սարգսյանը համաձայն չէր նաև Երևանի տիկնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանի հետ, թե առանց դպրոցներում մշակութային կրթության քաղաքակիրթ հասարակություն չենք ունենա: Նախագահը հակադարձեց․ - «Իմ հայրը դարբին ա եղել, մայրս՝ ջուլհակուհի: Մեր տանը դաշնամուր չի եղել, ես մանկուց դասական երաժշտություն չեմ լսել, բայց Տիգրան Մանսուրյանի երաժշտության համար հիմա խենթանում եմ: Էդ էլ Ձեր պատասխանը»:

Թատերական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանին հետաքրքրում էր, թե որոնք են եղել վերջին 25 տարիներին նախագահի ապրած ամենադժվար ու ամենալավ պահերը: Սերժ Սարգսյանը շեշտեց, որ շատ ավելի տագնապալի օրեր ապրել է մինչև նախագահ դառնալը՝ հիշելով 1992 թվականը․ - «Իրոք ծանր պահ էր, երբ որ պետք է որոշում կայացվեր՝ որտեղ տալ ամենավճռական մարտը: Որովհետև երկու հիմնական ուղղություններով էին ադրբեջանցիները գալիս՝ մեկը Մարդակերտն էր, մյուսը Ասկերանի ուղղությունը: Եվ ակնհայտ էր, որ մենք ի վիճակի չենք երկու տեղում էլ հաջողության հասնել: Եվ տարբեր մտորումներից հետո որոշում կայացվեց, որ մենք պետք է պահենք Ասկերանը: Եվ կարողացանք: Եվ դրանից հետո էր, երբ որ ես արդեն վստահությամբ Հայաստանի ղեկավարությանը ասացի, որ մենք կանգնեցրել ենք: Իսկ բերկրալի պահեր ինչքան ուզես կլինեն՝ Շուշիից սկսած․․․ կարող են հետ էլ գնալ՝ «Արարատ -73» և այլն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG