Մատչելիության հղումներ

Էրդողանը երկրում գործող «ահաբեկչական» կառույցների դեմ ազգային մոբիլիզացիա է հայտարարել


Ռեջեփ Էրդողան, արխիվ
Ռեջեփ Էրդողան, արխիվ

«Բոլոր ահաբեկչական կառույցների դեմ ազգային մոբիլիզացիա եմ հայտարարում», - թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ պնդելով, թե երկիրը կանգնել է իր պատմության ընթացքում ամենավտանգավոր սպառնալիքի առաջ, և որ Թուրքիայի և տարածաշրջանի անդորրը խաթարելու համար «ստոր» խաղեր են խաղում:

Անկարան մտադիր է պայքարել մասնավորապես Քուրդիստանի աշխատավորական կուսակցության, հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հիմնած «Հիզմեթ» շարժման, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ։

«Այսուհետ ո՛չ լեռներում կամ քաղաքներում գտնվող ահաբեկիչները, ո՛չ նրանք, ովքեր օգնում են վերջիններիս, ոչ մի վայրկյան հանգիստ չեն ունենա։ Դիմում եմ մեր անվտանգության ուժերին` ահաբեկիչների դեմ պայքարում ձեզ հետ է ողջ երկիրը, ողջ ժողովուրդը։ Ոչ մի դեպքում մի՛ հրաժարվեք ձեր լիազորություններն օգտագործելուց», - հայտարարել է Էրդողանը։

Թուրքական իշխանությունների տվյալներով՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության գործողությունների հետևանքով Թուրքիայում սպանվել է շուրջ 1200 մարդ: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումների զոհ են դարձել ավելի քան 300 մարդ. Իսկ հուլիսի 15-ին երկրում տեղի ունեցած զինված հեղաշրջման փորձի ընթացքում սպանվել է 248 մարդ։

Միայն վերջին 1.5 տարվա ընթացքում Թուրքիայում 31 ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որոնց հետևանքով ավելի քան 450 մարդ է զոհվել, շուրջ երկու հազարը` վիրավորվել: Վերջին հարձակումը տեղի է ունեցել անցած կիրակի՝ Ստամբուլում։ Զոհվել է ավելի քան չորս տասնյակ մարդ, հարյուրից ավելը՝ վիրավորվել։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատ բազեներ» քրդամետ խմբավորումը։

Այս իրադարձությունների ֆոնին Թուրքիայում հայտարարված է արտակարգ իրավիճակ, ինչը իշխանություններին թույլ է տալիս խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել առանց դատարանի որոշման, արգելել զանգվածային ակցիաներ, փակել հանրային վայրեր, սահմանափակել տրանսպորտի տեղաշարժը:

Վերջին կես տարվա ընթացքում, մասնավորապես՝հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում ձերբակալվել է շուրջ 32 հազար մարդ, աշխատանքից հեռացվել շուրջ 100 հազար պետական ծառայող։

Թուրքական իշխանությունները ճաղերի հետև են ուղարկել տասնյակ լրագրողների, նույնիսկ թուրքական խորհրդարանի պատգամավորների։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG