Մատչելիության հղումներ

Նախագահի հետ հանդիպումը «շատ կարևոր էր»


Արամ Իսաբեկյանը, Էդվարդ Միլիտոնյանը և Վարդան Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպմանը:
Արամ Իսաբեկյանը, Էդվարդ Միլիտոնյանը և Վարդան Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպմանը:

Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ու Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը այսօր ասուլիսի էին հրավիրել լրագրողներին՝ պատմելու անցած շաբաթավերջին Ստեփանակերտում տեղի ունեցած մտավորականության ներկայացուցիչների ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին:

Բանախոսների համոզմամբ՝ հանդիպումը ոչ միայն շատ կարևոր էր, այլև կարող է շատ արդյունավետ լինել:

Նրանց փոխանցմամբ՝ շատ անկեղծ զրույց է տեղի ունեցել և ամենատարբեր հարցերի շրջանակ է քննարկվել, այդ թվում Լեռնային Ղարաբաղի հետ առավել սերտ մշակությաին համագործակցության մասին:

«Միշտ էլ Հայաստանից կոլեկտիվներ են գնում, համերգներ են լինում: Բայց հիմա, ըստ պայմանավորվածության, դրանք ավելի ինտենսիվ կլինեն», - ասաց Արամ Իսաբեկյանը:

Հանդիպմանը Իսաբեկյանն առաջարկել է Ստեփանակերտում բացել հայաստանյան մշակութային բուհերի մասնաճյուղեր, ինչպես ժամանակին արվել է Գյումրիիում, որտեղ Գեղարվեստի ակադեմիայի մասնաճյուղը շատ արդյունավետ է գործում: «Բայց եղավ Բակո Սահակյանի կողմից բացատրություն, որ դեռ ժամանակը չի եկել: Ես հասկացա և ընբռնումով ընդունեցի»:

Իսաբեկյանը Սերժ Սարգսյանին անձամբ հարց չի ուղղել, սակայն պատասխանել է ներկաներից մեկի կշտամբանքին․ - «Խոսքն այն մասին էր, որ արվեստի մեր բուհերի երիտասարդները, դասախոսները ավելի ակտիվ կարող են լինել, ավելի շատ Ղարաբաղ այցելեն, ավելի շատ շփումներ ունենան: Կարող եմ ասել՝ Շուշան Պետրոսյանի կողմից էր, ես էլ իմ կարծիքը ասեցի դրա հետ կապված, որովհետև ինչ-որ բաներից տեղյակ չի նա»:

Գրողների միության նախագահն այդ հանդիպման ընթացքում հանդես է եկել ելույթով՝ շեշտելով Հայաստան- Արցախ -Սփյուռք միասնության դրսևորման անհրաժեշտությունը մշակույթի, արվեստի բնագավառում․ - «Որ մենք կարողանանք մշակույթի միջոցով մեր խնդիրները առաջադրենք ոչ միայն քաղաքական, հաճախ մերկապարանոց հայտարարություններով կամ Եվրախորհրդում, կամ այլուր գոռգոռոցներով և չգիտեմ ինչերով: Մենք պիտի բոլոր պարամետրերով կարողանանք աշխարհի հետ խոսել: Մանավանդ մշակույթի լեզուն, որը դարերով եղել է մեր անձնագիրը»:

Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի համոզմամբ, չափազանց կարևոր են Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև ոչ միայն պարբերական մշակութային շփումներն ու համագործակցությունը, սակայն կարևոր է նաև աջակցել, որ բուն Լեռնային Ղարաբաղում առավել աշխույժ մշակութային կյանքի զարգացմանը, և այդ ձեռքբերումները պետք է ներկայացվեն նաև դրսում․ - «Հարցն այն է, թե ինչ մեխանիզմներ գտնել, որպեսզի տեղում աճեն, հարստանան պրոֆեսիոնալները և, որ ավելի կարևոր է, այդ պրոֆեսիոնալները կարողանան իրենց արտադրանքը նաև դուրս տանել: Այսօր արցախցին ունի հստակ խնդիր՝ իր մշակույթը չի կարողանում տարածել»:

Այս դիտարկումը պաշտպանեց նաև Էդվարդ Միլիտոնյանը․ - «Ճիշտ է: Միջազգային մեր գրքի ցուցահանդեսներին մենք մի քանի անգամ փորձ ենք արել, որ Արցախը ներկայանա առանձին տաղավարով, իր դրոծով, և կազմակերպիչները, ստանալով բողոքներ, նոտաներ, միանգամից հայտարարում են, որ չճանաչված պետությունների մասնակցությունը, այսպես ասած, չի խրախուսվում: Բայց Հայաստանի տաղավարում մշտապես ներկայացվել են Արցախի գրքերը, մշակութային ձեռնարկումները»:

Ի պատասխան «Ազատության» հարցին, թե արդյոք հանդիպման ընթացքում խոսվել է Համազգային թատրոնի շենքի մասին, Վարդան Մկրտչյանն ասաց, որ դեռ ապրիլյան պատերազմից հետո իրենք հայտարարել էին, որ, անկասկած, շատ ավելի կարևոր է պետության հատկացրած միջոցներով զենք գնել, քան թատրոնի շենք կառուցել: Այդուհանդերձ, նրա խոսքով, այս անգամ հարցի լուծման ուղին կարծես թե գտնվել է․ - «Այս թատրոնը նորանկախ Հայաստանի առաջին թատրոնը և առաջին մշակութային կառույցն է, բայց արդեն վաղուց դուրս է իր սիմվոլիկ նշանակությունից: Եվ իմ խնդրանքը և առաջարկը եղել է Հանրապետության նախագահին, որպեսզի այն տարածքը, որտեղ այսօր կա, դա ամրագրվի թատրոնին»:

Մկրտչյանը հավելեց, որ խոսվել է նաև Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի մասին․ - «Արցախի թատրոնը շատ բարդ խնդրի առաջ է էսօր կանգնած: Այնտեղ կա Վահրամ Փափազյանի անունը կրող դրամատիկական թատրոնը, և այդ շենքը, ընդհանրապես այդ կառույցը մի գեղեցկագույն կառույց է, որի տեղանքը հավանաբար սխալ է ընտրված եղել․ տակով ջուր է հոսում, և այդ շենքը այսօր փտում է, քանդվում է․․․ սարսափելի իրավիճակ է այնտեղ: Արթուր Մեսչյանը մի շատ լավ նախագիծ է արել՝ այդ շենքը վերակառուցելու և որոշ հատվածներ ավելացնելու: Բայց այդ նախագիծն իրականացնելու համար մոտ 7 միլիոն դոլար է պետք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG