Մատչելիության հղումներ

Կուրց. Թուրքիայի հարցում Վիեննայի տեսակետը կիսում են նաև Նիդերլանդներն ու Բուլղարիան


Turkey -- (L-R) EU Enlargement Commissioner Johannes Hahn, EU foreign-policy chief Federica Mogherini, Turkish Foreign Minister Mevlut Cavusoglu, and Turkish EU Minister Omer Celik pose for picture during a press conference following a meeting in Ankara,
Turkey -- (L-R) EU Enlargement Commissioner Johannes Hahn, EU foreign-policy chief Federica Mogherini, Turkish Foreign Minister Mevlut Cavusoglu, and Turkish EU Minister Omer Celik pose for picture during a press conference following a meeting in Ankara,

Եվրամիության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարները երեկ Բրյուսելում ավելի քան հինգ ժամ շարունակված դռնփակ քննարկումից հետո այդպես էլ չկարողացան հաստատել միասնական հայտարարության տեքստը, որով առաջարկվում էր չընդլայնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունների ձևաչափը` միաժամանակ հրաժարվելով այդ երկրի անդամակցության ողջ գործընթացը սառեցնելու գաղափարից:

Նշեմ, որ Թուրքիայի հետ 2005 թվականին մեկնարկած անդամակցության բանակցությունները բաժանված են 35 ոլորտների, որոնցից միայն 16-ի շուրջ է այժմ ակտիվ երկխոսություն ընթանում: Բանակցությունների այնպիսի կարևորագույն թեմաները, ինչպիսիք են, օրինակ, անվտանգությունը, մաքսային միության ստեղծումը կամ աշխատուժի ազատ տեղաշարժը, շարունակում են սառեցված մնալ և, դատելով Եվրամիության ղեկավարաների կոշտ դիրքորոշումից, այս ուղղություններով մոտ ապագայում առաջընթաց հազիվ թե արձանագրվի:

Եվրամիության անդամ Ավստրիայի ներկայացուցիչները, սակայն, վստահ են, որ նույնիսկ այս մոտեցումը չափազանց մեղմ է: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը դեռ մինչև երեկվա քննարկման մեկնարկը հայտարարում էր, որ Եվրամիության առաջնահերթությունը պետք է լինի Թուրքիայի հետ անդամակցության ողջ գործընթացի սառեցումը: Արտգործանախարարների խորհրդի նիստի ավարտին Կուրցը հանդես եկավ մամուլի ասուլիսով` նշելով, որ Թուրքիայի հետ հարաբերություններին նվիրված բանավեճը բավական զգացմունքային էր․ - «Թուրքիային նվիրված բավական երկարատև բանավեճ ունեցանք: Բոլորս էլ շատ լավ տեղյակ ենք, թե ինչ իրավիճակ է այժմ Թուրքիայում` 36 հազար ձերբակալված, աշխատանքից հեռացված ավելի քան 100 հազար մարդ: Ընդդիմադիր գործիչներից ու լրագրողներից շատերը ճաղերի ետևում են: Նման իրավիճակում ամփոփիչ հայտարարության այն նախագիծը, որն առաջարկվել էր [Եվրամիության նախագահող պետության կողմից], Ավստրիայի տեսանկյունից բավարար չէր»:

Դրա հետ մեկտեղ ավստրիական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշում էր, որ Եվրամիության ոչ բոլոր անդամներն են կտրականապես դեմ Թուրքիայի անդամակցության գործընթացի սառեցմանը․ - «Այս նախագիծը ես կարող եմ բնութագրել որպես քայլ ճիշտ ուղղությամբ: Դրանով սահմանվում է, որ Թուրքիայի հետ այժմ ընթացող բանակցությունների շրջանակը չի կարող ընդլայնվել: Դա արդեն իսկ վատ չէ: Դրա հետ մեկտեղ, պետք է հստակորեն հասկանալ, որ Թուրքիան ավելի ու ավելի է հեռանում Եվրամիությունից: Վիեննայի որդեգրած տեսակետը, ի դեպ, կիսում են Եվրամիության պետություններից մի քանիսը, մասնավորաբար՝ Նիդերլանդներն ու Բուլղարիան»:

Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հարցում Ավստրիայի բնակիչները թերևս ամենաբացասկան տրամադրված են ողջ Եվրամիության տարածքում: Դեռ անդամակցության բանակցությունների մեկնարկին` 2006 թվականին, սոցիոլոգիական հարցումները վկայում էին, որ ավստրիացիների 81 տոկոսը դեմ է արտահայտվում Թուրքիայի լիիրավ անդամակցությանը Եվրոպական միությանը:

Այս ֆոնին պատահական չէ, որ Ավստրիայի արտաքին գործերի նախարարը կոչ է անում կենտրոնանալ Թուրքիայի հետ արդյունավետ համագործակցության ծավալման, այլ ոչ թե անդամակցության բանակցությունների վրա․ - «Մենք ցանկանում ենք արդյունավետ երկխոսություն ծավալել Թուրքիայի հետ, արդյունավետ կերպով համագործակցել այդ երկրի հետ ոչ միայն փախստականների շուրջ ծագած ճգնաժամի հաղթահարման, այլև մի շարք այլ թեմաների շուրջ: Դրա հետ մեկտեղ, հարկավոր է ընտրել արդյունավետ համագործակցության և անդամակցության բանակցությունների միջև: Մենք Եվրամիությունում պետք է ի վերջո որոշում կայացնենք այդ հարցով, և դա շատ կարևոր որոշում է լինելու»:

Երեկ կայացած բանակցությունների ընթացքում Եվրամիության առաջատար պետությունները` նախևառաջ Գերմանիան և Ֆրանսիան միանշանակորեն դեմ են արտահայվել Թուրքիայի անդամակցության գործընթացը սառեցնելու օգտին: Գերմանիայի Եվրոպական հարցերով պետնախարար Միխաել Ռոթի համոզմամբ, անդամակցության գործընթացի սառեցումը կարող է է'լ ավելի թուլացնել թուրքական հանրության եվրոպամետ հատվածի դիրքերը. - «Եվրամիությունը պետք է հստակ ազդակ ուղարկի Թուրքիայի այն քաղաքացիներին, ովքեր կիսում են եվրոպական արժեքները: Չնայած այն իրողությանը, որ օրենքի գերակայության և խոսքի ազատության ասպարեզներում առկա իրավիճակը միայն ափսոսանք կարող է առաջացնել, մենք չպետք է այս դժվարին պահին դուռը շրխկացնենք Թուրքիայի առջև»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG