Մատչելիության հղումներ

«Լևադա». Պուտինի գործունեության վարկանիշը շարունակում է բարձր մնալ


Ռուսաստանցիների գրեթե մեկ երրորդը խոստովանել է, որ վերջին շրջանում իրենց վերաբերմունքը նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ վատացել է։ Այս մասին են վկայում հասարակական կարծիքի ուսումնասիրության «Լևադա» կենտրոնի նոյեմբերյան հարցման արդյունքները։

Հարցվածների կեսից ավելին ասել է, որ Ռուսաստանի նախագահի հանդեպ իրենց վերաբերմունքը վերջին շրջանում չի փոխվել, 14 տոկոսի մոտ այն բարելավել է, իսկ հարցման մասնակիցների 29 տոկոսը հայտարարել է հակառակի մասին։

Միաժամանակ էականորեն նվազել է այն մարդկանց թիվն, ովքեր կարծում են, որ իրենց նախագահը հաջող և արժանապատվորեն կատարում է իր առջև դրված խնդիրները։ Նույն հարցին 2011 թվականին դրական էր արձագանքել ռուսաստանցիների 38 տոկոսը։

Ռուսաստանցիների 48 տոկոսն այսօր էլ առաջվա պես հավատում է, որ Պուտինն անկեղծորեն ցանկանում է հասնել ժողովրդի բարօրությանը, բայց պարզապես այդ գործում նրան խանգարում է բյուրոկրատական պատնեշը և լավ թիմի բացակայությունը։

Սոցիոլոգները նշում են, որ այս արդյունքները վկայում են այն մասին, որ ռուսաստանցիների վերաբերմունքը Պուտինի նկատմամբ այսօր ավելի վատ է քան, օրինակ, Բոլոտնայա հրապարակի ցույցերի ժամանակ։

«Իշխանություններին ուղղված պահանջներն անհետաձգելի բնույթի են, և երևի այդ տրամադրություններն են առաջացրել վերջին տարում», - բացատրում է «Լևադա» կենտրոնի փոխտնօրեն Ալեքսեյ Գրաժդանկինը։

Միևնույն ժամանակ նախագահի գործունեության հավանության վարկանիշը փոփոխությունների չի ենթարկվել, այն շարունակում է առավելագույնս բարձր մնալ՝ կազմելով 86 տոկոս։

«Ազատության» ռուսական ծառայության հետ զրույցում «Լևադա» կենտրոնի ղեկավար, սոցիոլոգ Լև Գուդկովը Պուտինի հանդեպ հայրենակիցների ամուր հավատը կապում է հզոր քարոզչամեքենայի առկայության հետ։

«Պուտինի հանդեպ վերաբերմունքն իսկապես բավական հաստատուն է և գրեթե չի փոխվում, քանի որ հզոր քարոզչական համակարգ է աշխատում։ Այն նրան ներկայացնում է որպես վճռական, փորձառու առաջնորդի։ Պուտինի հեղինակության ու ժողովրդականության հիմքում պատրանքներ և հույսեր են, որ նրան կհաջողվի երկիրը դուրս բերել ճգնաժամից և ռուսաստանցիներին ապահովել արժանապատիվ կյանքով։ Իսկ երկրորդ հանգամանքն՝ այլընտրանքի բացակայությունն է։ Քրոզչամեքենան Պուտինին այնպես է ներկայացնում, որ իր կողքին պարզապես այլ կայացած քաղաքական գործիչներ չեն մնում», - ասել է սոցիոլոգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG