Մատչելիության հղումներ

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց քաղաքացիներից 1000-ական դրամ գանձելու նախագիծը


96 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց «1000 դրամի» օրինագիծը, որով նախատեսվում է աշխատող քաղաքացիներից ամեն ամիս հազարական դրամ հավաքել՝ զիննծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման նպատակով:

Դեմ էին Զարուհի Փոստանջյանը («Ժառանգություն»), Գագիկ Ջհանգիրյանը, Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը (ՀԱԿ): Վերջին երկուսը հայտարարեցին, թե շփոթել ու կողմ էին քվեարկել․ - «Մենք դեմ ենք քվեարկել․․․ Եթե ուրիշներն էլ են շփոթվել, կարող ենք վերաքվեարկել: Եթե ոչ՝ մեր կողմը խնդրում եմ համարել դեմ»:

Արամ Մանուկյանն ասաց, որ ապրիլյան պատերազմի ընթացքում և հետո երևաց, թե ժողովուրդը որքան համախմբված է՝ զինվորի համար ոչինչ չի խնայում, այդուհանդերձ բանակի համար դրամահավաքը պարտադիր դարձնելը հակասում է հենց բուն գաղափարին․ - «Երբ որ դու նրան պարտադրում ես, հակադրվելու ցանկություն է առաջանում: Երբ որ իրենց հաստ գրպաններին չեն ուզում կպնեն, խեղճ քաղաքացուց ծակ գրպանին են կպնում, այ այստեղ արդեն առաջանում ա ըմբոստացումը, վիրավորանքը կամ հայհոյանքը էս իշխանությունների նկատմամբ»:

Հարցը, ըստ Մանուկյանի, հազար դրամը չէ, ավելի խորքային է․ - «Մեր պետությունը հայտարարում է, որ ինքը ի վիճակի չէ լուծել իր զինվորի խնդիրները, ինչը Սահմանադրությամբ, օրենքներով, բարոյականությամբ միայն պետական ֆունկցիա է․ պետությունը պետք է լուծի իր սահմանը պահող զինվորի առողջության, կյանքի, ապահովության, անվտանգության բոլոր խնդիրները: Էս աղքատ երկրում հարստացած, կարճ ժամանակում միլիարդատեր դառած մարդկանց, որոնք հանցագործ են, ձեռք չես տալիս, նրանց ապօրինի հարստացման միջոցներին չես կպնում, ընկնում ես նորից քաղաքացու վրա, քերում ես, թե՝ հազար դրամ տո՞ւր»:

Նախագծին ձեռնպահ քվեարկած միակ պատգամավորը՝ Էդմոն Մարուքյանը ևս կարծում է, որ խնդիրը պետք է լուծվի պետական բյուջեի շրջանակներում․ - «Պետք ա էդ փողը տալ զոհվածի հարազատներին, պետք ա հաշմանդամին աջակցել, բայց էդ գումարը որտեղի՞ց տալ: Այ էդ «որտեղից»-ի հարցն ա: Կառավարությունը և իշխանությունը ուզում ա շարունակել ապրի ճոխ, բայց աղքատ բնակչությունից էլի ամեն ինչ-որ խնդրի վերաբերյալ փող ուզի, որը որ արդար չի»:

Մարուքյան ասաց, թե նախարաը որևէ հնարավորություն չթողեց այլ կերպ քվեարկելու՝ չընդունելով պատգամավորների և ոչ մի առանցքային առաջարկ․ - «Ես դա չէի ասի անհարգալից վերաբերմունք: Ես կասեի, որ քաղաքական մեծամասնությունը մեծ հաշվով երես է տվել գործող կառավարություններին: Որևէ անգամ ես չեմ հիշում, որ քաղաքական մեծամասնությունը հակադրվի: Սրա ելակետային խնդիրը ընտրությունների մեջ ա․․․ էնպիսի մեծամասնություն ունենք, որը նման կերպ ա վարվելու միշտ: Եվ սա շատ լավ դաս ու ուղերձ է մեր ընտրողներին, որ երբ որ վաղը-մյուս օրը իրենց թաղի Վալերիկի համար գնան Հանրապետական ընտրեն, էդքան մի բան ակնհայտ հասկանան, որ եկող հինգ տարիները էս նույն բանը շարունակվելու ա միգուցե ավելի վատ»:

«Ազատության» հարցին, թե արդյոք այսպիսով ամրապնդվում է «ազգ - բանակ» միասնությունը, Մարուքյանն արձագանքեց․ - «Ես չեմ ուզում փող հավաքելու մեջ միասնություն տեսնեմ: Ես ուզում եմ միասնություն տեսնեմ ընդհանուր մեր հոգեբանական վիճակի մեջ և դա տեսել եմ ապրիլյան պատերազմին: Եվ չի կարելի դա շահարկել ընդհանրապես»:

Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, թե «ազգ - բանակ» միասնության ամրապնդմանը նոր օրենքը չի նպաստի․ - «Ստեղծվում է մի հիմնադրամ, որի գործունեությունը մեր իդեալներից և նպատակներից, որովհետև մենք հասկանում ենք, որ սա ուղղակի ապօրինի հարկահավաք է, ստեղծվում է մի հիմնադրամ, որի գործունեությունը միտված չի լինելու ո՛չ մեր ազգի համար, ո՛չ էլ բանակի համար: Եթե այդպես լիներ, ապա մենք պետք է պարտադիր անդրադարձ կատարեինք 25 տարիների բոլոր երևույթներին և նաև մեր կորուստներին: Մինչդեռ դրան լուծում չի տրվելու այս օրինագծով: Այս օրինագիծը ուղղակի նախընտրական շրջանում հիմնադրամ ստեղծելու նպատակ ունի: Այս ամբողջ կոռումպացված համակարգի մեջ ևս մեկ կոռումպացված ինստիտուտի ստեղծումը անթույլատրելի է: Այսինքն մենք լրացուցիչ կոռուպցիոներներին տրամադրում ենք ևս մեկ հնարավորություն զբաղվելու կոռուպցիայով: Որքան հնարավոր է, մենք պետք է այդ կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործառույթները կրճատենք և վերացնենք, այլ ոչ թե ևս մեկ հիմնադրամով համալրենք»:

Կարինե Աճեմյանը (ՀՀԿ) մինչդեռ վստահ է, թե Պաշտպանության նախարարի առաջարկած օրինագիծը ավելի համախմբված կդարձնի ժողովրդին․ - «Ե՛վ համախմբող է, և՛ ազգային տուրքի գաղափարը ներդնող և զարգացնող է: Այս մշակույթը մեզ մոտ պիտի զարգանա: Եվ յուրաքանչյուրը, եթե կարդացել է օրենքը, անպայման կհասկանա, որ շատ հեշտ է վերահսկել, թե ուր են ուղղվում միջոցները, և նաև կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, որ որևէ բան մեզ չխանգարի»:

Դիտարկմանը, թե ընդդիմադիրների մեծ մասը պնդում է, որ հնարավոր էր նույն գաղափարը իրագործել բյուջեի կամ տնտեսումների միջոցով, Աճեմյանը արձագանքեց․ - «Ոչ, հնարավոր չէր: Հենց գաղափարը ազգային տուրքի նրա մեջ է կայանում, որ մենք համախմբված բոլորս մեր լուման ունենանք»:

Recommended

XS
SM
MD
LG