Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան: Սա Իսրայելի վարչապետի երկրորդ այցն է այդ երկիր: Առաջին անգամ Նեթանյահուն Բաքու էր այցելել 20 տարի առաջ՝ իր առաջին վարչապետության տարիներին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Նեթանյանուն ընդգծել է, որ երկու երկրներն ունեն բարեկամական հարաբերություններ:

«Ուրախ եմ, որ երկրորդ անգամ այցելել եմ Ադրբեջան: Մենք ունենք գերազանց հարաբերություններ: Այստեղ՝ Ադրբեջանում, հրեաները իրենց լավ են զգում: Բացի այդ՝ հազարավոր ադրբեջանցի հրեաներ այսօր ապրում են Իսրայելում և կամուրջ են հանդիսանում մեր երկու երկրների միջև», - նշել է նա:

Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին ընդգծել է, որ հրեական համայնքը ադրբեջանական հասարակության կարևորագույն և ակտիվ մասն է, որը մեծ ներդրում է ունեցել երկրի զարգացման մեջ:

Բանակցությունների օրակարգում քաղաքական, տնտեսական և հումանիտար հարցեր են, ինչպես նաև համագործակցությունը էներգետիկայի, ռազմատեխնիկական և բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Այսօրվա այցի շրջանում ստորագրվել է երեք փաստաթուղթ, այդ թվում նաև Ադրբեջանի ու Իսրայելի կառավարությունների միջև համատեղ հանձնաժողով ստեղծելու մասին հուշագիրը:

Ադրբեջանը այն եզակի մահմեդական երկրներից է, որ լայնածավալ քաղաքական, տնտեսական և հումանիտար կապեր ունի Իսրայելի հետ: Երկու երկրները համագործակցում են էներգետիկայի բնագավառում: Իսրայելը Ադրբեջանական նավթի հիմնական գնորդներից է, տարեկան շուրջ 2 միլիոն տոննա նավթ է գնում, որը Իսրայել է հասնում Թուրքիայի տարածքով՝ Բաքու – Թբիլիսի – Ջեյհան նավթատարով:

Ակտիվ է նաև Ադրբեջանի և Իսրայելի համագործակցությունը ռազմատեխնիկական ոլորտում: Իսրայելը մեծ քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին, բացի այդ՝ Իսրայելի արտոնագրով Ադրբեջանը նաև արտադրում է անօդաչու թռչող սարքեր: Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մինչև օրս պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG