Մատչելիության հղումներ

ԵՄ-ի ԱԳ նախարարներին չի հաջողվել Թուրքիայի հարցում համաձայնության գալ


ԵՄ ղեկավարների համոզմամբ, Թուրքիայի հետ բանակցությունների սառեցման հարցը հրատապ չէ, քանի որ անդամակցության հետ կապված ակտիվ շփումներ առանց այդ էլ գոյություն չունեն: Ավստրիայի ԱԳ նախարար Կուրցը, մինչդեռ, վստահ է` պնդումները, թե Թուրքիայի հետ նման բանակցություններ չեն վարվում, իրականությանը չեն համապատասխանում:

Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարներն այսօր Բրյուսելում, մոտ վեց ժամ շարունակված դռնփակ քննարկումներից հետո անգամ, այդպես էլ չկարողացան ընդհանուր հայտարարի գալ հետևյալ հարցի շուրջ՝ արդյո՞ք հարկավոր է սառեցնել ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները Թուրքիայի հետ, թե ոչ:

ԵՄ-ում ներկայումս նախագահող պետության` Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը նախարարների խորհրդակցությանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ առկա տարաձայնությունների պատճառն անդամ պետությունններից մեկի պատվիրակության դիրքորոշումն էր:

«Սառեցում» բառը հիշատակվել է պատվիրակություններից միայն մեկի կողմից, սակայն, չի արժանացել մնացյալ 27 պատվիրակությունների աջակցությանը»,- նշել է Լայչակը՝ Եվրամիության նախագահության հայտարարության տեքստի մասին խոսելիս: Նա նաև չի հստակեցրել, թե հատկապես ո՞ր պատվիրակության մասին է խոսքը, թեև, դատելով այսօրվա նիստին նախորդած զարգացումներից, ակնհայտ է դարձել, որ Թուրքիայի հանդեպ կոշտ դիրքորոշում որդեգրած պետությունը Ավստրիան է:

Բրյուսելյան հավաքից հաշված ժամեր առաջ Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը DW-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ պաշտոնական Վիեննան միանշանակորեն համաձայն է նոյեմբերին Եվրախորհրդարանում ընդունված այն բանսձևի դրույթներին, որոնց համաձայն, Թուրքիայի անդամակցության գործընթացը պետք է սառեցվի:

«Եվրամիությունը պարտավոր է արձագանքել այն ամենին, ինչ կատարվում է Թուրքիայում: Եվրախորհրդարանը միանգամայն իրավացի է, երբ կոչ է անում սառեցնել բանակցությունները: Ես հարյուր տոկոսով համաձայն եմ Եվրախորհրդարանի անդամների հետ»,- հայտարարել է Ավստրիայի արտաքին գերատեսչության ղեկավարը` ընդգծելով՝ բանակցությունների դադարեցումը կարող է Անկարային ուղղված հստակ քաղաքական ազդակ դառնալ:

Բելգիայի արտգործնախարար Դիդյե Ռեյնդերսի խոսքով էլ՝ չնայած Թուրքիայի հետ հարաբերությունների կարևորությանը` Եվրամիությունը չի կարող անտեսել այն բոլոր բացասական զարգացումները, որ վերջին շրջանում արձանագրվել են այդ երկրում: «Իհակե, Թուրքիայում ստեղծված կացությունը մտահոգիչ է: Մենք կարող ենք շարունակել համագործակցությունը Թուրքիայի հետ ահաբեկչութան դեմ պայքարի, տեղեկատության փոխանակման կամ անօրինական ներգաղթի կանխարգելման հետ կապված հարցերում, բայց ԵՄ-ին անդամակցության բանակցությունների առումով առաջընթացն անհնարին է»,- հայտարարել է Բելգիայի արտգործնախարարը:

Եվրամիության ղեկավարների համոզմամբ, սակայն, Թուրքիայի հետ բանակցությունների սառեցման հարցն ընդհանրապես հրատապ չէ, քանի որ գործնականում այս հարցով ակտիվ շփումներ առանց այդ էլ գոյություն չունեն: Այս մասին այսօր ասել է ԵՄ հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների գծով հանձնակատար Յոհանես Հանը:

«Գործնականում մենք արհեստական մի բանավեճի մասին ենք խոսում, որովհետև Թուրքիայի անդամակցության բանակցություններն ամիսներ շարունակ գտնվում են լճացած վիճակում: Մոտակա ամիսներին ևս որևէ շարժ չի լինի»- պնդել է Հանը:

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը, սակայն, վստահ է` պնդումները, թե Թուրքիայի հետ բանակցությունները գործնականում սառեցված են, իրականությանը չեն համապատասխանում: «Դա ճիշտ չէ, թե իբր Թուրքիայի հետ բանակցություններ չեն ընթանում: Այդ բանակցությունները շատ ավելի դինամիկ ընթացք ունեն, քան Եվրամիության անդամության ձգտող մի շարք այլ պետությունների դեպքում: Բացի այդ, եվրոպացի հարկատուների գումարները` հարյուր միլիոնավոր եվրոներ, շարունակում են տրամադրվել Թուրքիային՝ Եվրամիության հետ մերձեցման փաթեթի շրջանակներում»- հայտարարել է Ավստրիայի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG