Մատչելիության հղումներ

Նաիրիտցիները աշխատավարձ են պահանջում, որպեսզի իրենք էլ «Ամանոր նշեն»


Ոստիկանները բողոքող նաիրիտցիներին հրում են դեպի մայթ, 13-ը դեկտեմբերի, 2016 թ․

Գործարանը միայն աշխատողներին պարտք է ավելի քան 200 մլն դրամ։ Վերջերս էլ դատարանը սնանկ էր ճանաչել քիմիական արդյունաբերության երբեմնի հսկային՝ բավարարելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հայցը։ Գործարանը 1 միլիարդ 200 միլիոն դրամից ավելի գումար է պարտք ՀԷՑ-ին։

«Նաիրիտ»-ի աշխատողներն այսօր կրկին շուրջ մեկ ժամ փակ պահեցին գործարանի հարակից փողոցը՝ պահանջելով չվճարված աշխատավարձերը։ Ասում են՝ պատրաստվում են ամեն օր նույն ժամին փակել Բագրատունյաց պողոտան, մինչև ստանան իրենց 5 ամսվա աշխատավարձը՝ «Մեր ձայնը լսելի դարձնելու համար պիտի նման քայլերի դիմենք։ Ուրիշ ձևով չեն արձագանքում»:

Քիչ անց, սակայն, ոստիկանները նրանց բռնի ուժով հրեցին դեպի մայթ՝ բացելով երթևեկությունն այնտեղ կուտակված ավտոմեքենաների համար։ Աշխատողների խոսքով՝ երեկ գործարանի տնօրեն Ռուբեն Սաղաթելյանն ասել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջիկա 2 օրերի ընթացքում իրենց խնդիրները լուծելու է։ Մինչ այսօր, սակայն, իրենք որևէ պատասխան չեն ստացել։ «Չկա ոչ մի պատասխան վարչապետի կողմից, զուտ խոսքեր, զուտ խաբկանք, որևէ լուր չկա»,- ասում էին խաբված աշխատողները:

«Նաիրիտ»-ը միայն աշխատողներին պարտք է ավելի քան 200 մլն դրամ։ Վերջերս էլ դատարանը սնանկ էր ճանաչել քիմիական արդյունաբերության երբեմնի հսկային՝ բավարարելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հայցը։ Գործարանը մեկ միլիարդ 200 միլիոն դրամից ավելի գումար է պարտք ՀԷՑ-ին։

Նաիրիտցիներն այլևս հույս չունեն, որ նոր տարուն ընդառաջ՝ կստանան իրենց գումարները, որպեսզի Ամանորը նշելու հնարավորություն ունենան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG