Մատչելիության հղումներ

Հալեպի հայ համայնքը ոգևորությամբ է ընդունել կառավարական զորքերի առաջխաղաղումը


Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ուժերը գրեթե ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Հալեպի արևելյան շրջաները, որոնք տևական ժամանակ գտնվում էին զինյալների ձեռքում։

Reuters լրատվական գործակալությունը հաղորդում է, որ երկուշաբթի երեկոյան զինված ընդդիմադիր խմբավորումները լիակատար պարտություն են կրել Հալեպում։

Երեկ երեկոյան շատ հալեպցիներ, այդ թվում և հալեպահայերը դուրս էին եկել փողոց՝ տոնելու Ասադի հաղթանակը։

Սիրիայի պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերը երեկվանից ավելի ակնդետ են հետևում Հալեպում տեղի ունեցող իրադարձություններին։ «Ազատության» հետ զրույցներում սիրիահայերից շատերը ասում են՝ եթե խաղաղություն հաստատվի Սիրիայում, Հայաստան եկածների մեծ մասը հետ կվերադառնա․ Հալեպում ստիպված չեն լինի վարձով ապրել կամ էլ անգործ մնալ․ - «Շատ մարդիկ կան, որոնք գործ չունեն: Իրենց համար շատ դժվար ա ստեղի ապրուստը․․․ Ինձ թվում ա, շատ մեծ թվով կգնան»:

Արդեն չորս տարի Հայաստանում ապրող 32-ամյա Մայք Քոթուկյանն նույնպես ասաց, որ անպայման կվերադառնա Հալեպ․ - «Ճիշտն ասած՝ գործի առումով: Այնտեղ ավելի գործ կա: Այստեղ մեզի համար արդեն հարազատ տեղ եղավ․ էլ չենք կարա համարել, որ մենք օտար երկիր ենք, մեր հայրենիքն է: Բայց դե՝ ուր հաց՝ էնդեղ կաց»:

Նրանք, ովքեր բնակարան են գնել Երևանում կամ հաստատվել են աշխատանքում, վերադառնալու մասին չեն մտածում․ - «Մասամբ իմ գործը հիմնել եմ արդեն և խորացել եմ մեջը: Հիմա ես չեմ կարա գնամ»:

«Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Փողիկյանի փոխանցմամբ, երեկվանից Հալեպի հայկական համայնքում նոր ծրագրեր են կազմում․ պատերազմի պատճառով քանդվածը կվերականգնեն, նոր կյանք կսկսեն: Պողիկյանը նաև ասաց, որ անցած գիշերը պատերազմի սկզբից ի վեր առաջինն էր, որ խաղաղ է անցել:

Հայաբնակ թաղամասերը գտնվում են Հալեպի արևմտյան հատվածում։ Պողիկյանն ասում է, որ երեկվանից բաց են դեպի արևելյան թաղամասերը տանող ճանապարհներն ու հրապարակները, և մարդիկ այլևս չեն վախենում փողոց դուրս ելնել, ազատ շրջել քաղաքում։

«Ազատության» դիտարկմանը, որ միջազգային հանրությունը քննադատում է Ասադին՝ արևելյան թաղամասերում գրոհների ժամանակ խաղաղ բնակչության սպանության համար, «Գանձասարի» խմբագիրը արձագանքեց՝ ամիսներ շարունակ իշխանությունը տարբեր միջոցներով տարածվող կոչերով դիմում էին նրանց՝ դուրս գալու այդ շրջանից։

Մինչ Սիրիայի կառավարական ուժերը տոնում են իրենց առաջխաղացումը, միջազգային հանրությունը շարունակում է քննադատել Սիրիայի նախագահ Ասադին և նրա դաշնակից Ռուսաստանին՝ Հալեպի արևելյան շրջաններում խաղաղ բնակչության դեմ դաժան վերաբերմունքի համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-Մունը խորը մտահոգություն է հայտնել Հալեպում մարդասիրական իրավիճակի սրման կապակցությամբ՝ հայտարարելով, որ միջազգային և հումանիտար իրավունքը հակամարտող կողմերին պարտավորեցնում է պաշտպանել քաղաքացիական բնակչությանը։ Պան Գի-մունը մասնավորապես Ասադի ուժերին և դաշնակիցներին կոչ է արել հետևել այդ օրենքներին։

Ֆրանսիան իր հերթին այսօր դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով օգտագործել բոլոր հնարավոր միջոցները Հալեպում տեղի ունեցածին գնահատական տալու համար՝ զգուշացնելով Ռուսաստանին, որ այն կարող է դառնալ սիրիական քաղաքում կատարված «ահաբեկչության եւ վրեժի» հանցակիցը: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էրոն անդրադառնալով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի ավելացմանը, որոնց մեջ նաև կանայք և երեխաներ կան՝ ասել է, թե ռազմական գործողությունները դադարեցնելը ավելի հրատապ է, քան երբևէ։

Միջազգային լրատվամիջոցները հաղորդմամբ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իր հերթին, ասել է, թե առաջին անգամը չէ, որ դիվանագիտական ոլորտում հանդիպում են երկակի ստանդարդների կիրառմանը, մասնավորապես երբ «ահաբեկիչներին բաժանում են վատի կամ ոչ այնքան վատի»:

Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի տվյալներով, նոյեմբերի ընթացքում Սիրիայում Հալեպի արևելյան շրջանների շուրջ տեղի ունեցած բախումների հետևանքով սպանվել է 600 քաղաքացիական անձ, որոնցից 62-ը երեխա։ Երեխաները սպանվել են հրթիռակոծությունների եւ հրետակոծության հետևանքով։

Ըստ Սփյուռքի նախարարության, արդեն 6 տարի շարունակվող պատերազմում շուրջ 150 հայ է զոհվել, 180-ը՝ վիրավորվել։ Սիրիական պատերազմի հետևանքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 16 հազար սիրիահայ։ Տարբեր տվյալներով, Սիրիայում 8-10 հազար հայ է մնացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG