Մատչելիության հղումներ

Թեև «Աշտարակ Կաթ»-ը վերգործարկվել է, բայց աշխատավարձի պարտքը չի վճարում


«Աշտարակ Կաթ»-ի աշխատողները պահանջում են վճարել իրենց աշխատավարձը, Երևան, 13-ը դեկտեմբերի, 2016 թ․

Ընկերության արտադրած «Ռոկֆոր» տեսակի պանրի՝ կես գնով (1 կիլոգրամը՝ 3000 դրամ) իրացման հայտարարություններ են հայտնվել «ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Վաճառողները վստահեցնում են՝ որակը լավն է, առաքումն էլ մեկ շաբաթ է տևում։ Նպատակը՝ պարտքերի վճարման համար գումար հայթայթելն է:

Սնանկացման եզրին հայտնված ու առողջացման ծրագրով վերագործարկված «Աշտարակ Կաթ»-ի շուրջ նոր կրքեր են բորբոքվում։ Ընկերության մի խումբ աշխատողներ այսօր «Աշտարակ Կաթ»-ի Երևանի գործարանի մոտ բողոքի ցույց արեցին՝ պահանջելով չստացած աշխատավարձերը։ «Ազատության» հետ զրույցում նրանք նշեցին՝ թեև գործարանի ապագան այժմ ավելի լուսավոր է թվում, բայց հին պարտքերի վճարման հարցը դեռևս մութ է։

«16 տարի աշխատել եմ «Աշտարակ Կաթ»-ում, իրանք հաշվել են՝ 5 ամսվա աշխատավարձս՝ 2 միլիոն 800 հազար [դրամ]: Ու մենակ իմը չի տենց: Բոլորինն էլ տենց մեծ թվեր են»,- ասաց հավաքվածներից մեկը: Մեկն ուրիշն էլ նշեց՝ «6 ամիս, 3 ամիս, 5 ամիս աշխատավարձ չեն տվել, ու չեն մտածում՝ էդ մարդն ապրելու ա՞, թե մեռնելու ա: Վերջիվերջո, սա պետություն ա՞, թե չգիտեմ ինչ»:

Բողոքողները տեղեկացրին, որ աշխատավարձ չի ստացել մոտ 300 հոգի։ Հույս էլ չունեն։ Ասում են՝ ամեն անգամ գալիս են, բայց հին սեփատականտիրոջ՝ Աշոտ Ափոյանի ներկայացուցիչներից միայն ընկերության իրավաբանն է ներկա լինում: Նա էլ խուսափում է հանդիպումներից, իսկ հարցերին անորոշ պատասխաններ է տալիս։

Ընկերության իրավաբան Արմեն Ումրշատյանը, որն արդեն գործարանի տարածքում չէր, «Ազատության» հետ հեռախոսազրուցում նշեց՝ ինքն էլ չգիտի, թե ինչպես կլուծվի ամիսներ շարունակ չվճարված աշխատավարձի, նաև պարտքերի մեջ թաղված գործարանի ճակատագիրը։ «Խնդիրն այն է, որ այս պահին ևս ընթանում են բանակցություններ և բանակցությունների ավարտից հետո, բնականաբար, հաղորդագրություն կտարածենք այդ բանակցությունների արդյունքների մասին»,- ասաց Ումրշատյանը, չմանրամասնելով, թե ում հետ են վարվում բանակցությունները և որքան կտևեն դրանք: Միայն հայտնեց, որ ընկերությունը վաճառված չէ:

«Աշտարակ Կաթ»-ի աշխատողները նշում են, որ առողջացման ծրագրի պատասխանատուների՝ գործարան ոտք դնելուց հետո «իրենց 50 տոկոսն այլևս չի աշխատում», մյուս կեսի աշխատավարձերն էլ կրճատել են։ Շեշտում են՝ նորերի հետ այլևս հույսեր չեն կապում։

«Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն, իրավահաջորդը պարտավոր է գումարը մուծի, պարտքերը փակի», «Նոր ղեկավարներն ասում են՝ ընկեր ջան, դու ինձ համար աշխատե՞լ ես, որ ես քո փողերը տամ, ես ո՞նց պահանջեմ»,- դժգոհում են գործարանի աշխատողները:

Տեսնելով, որ տարածքում լրագրողներ են աշխատում, գործարանից դուրս եկավ և նրանց ընդառաջ գնաց «Աշտարակ Կաթ»-ի առողջացման ծրագրի ղեկավար Արտակ Ավագյանը: Նա հաստատեց իրավաբանի հայտնած այն լուրը, որ ընկերությունն իրենք դեռ չեն գնել։ Ասաց՝ ընդամենը 25 օր են այստեղ, փորձում են ոտքի կանգնեցնել կանթնամթերքի շուկայում լայն ներգրավվածություն ունեցող «Աշտարակ Կաթ»-ին՝ լուծելով նաև պարտքերի խնդիրը։

«Բոլորի հարցին կտանք լուծում, բայց քանի դեռ պատրաստ չենք, քանի դեռ գործարանը վճարունակ չի, չենք կարող ժամկետներ ասել»,- ասաց Ավագյանը, այդուհանդերձ, հավելելով, որ մարդիկ իրենց հարցերի պատասխանը կստանան «մինչև գարուն»:

Արտակ Ավագյանը շեշտեց՝ աշխատավարձերը չեն կրճատել, այժմ էլ աշխատում է հիմնական կազմի 80 տոկոսը։ Ինչ վերաբերում է մթերողներին, ապա ծրագրի ներկայացուցիչները վստահեցնում են, որ նրանց գումարների վճարումն ընթացքի մեջ է։ «Ազատությունն» Արտակ Ավագյանին հարց ուղղեց՝ որքա՞ն ներդրում են պատրաստվում անել 170 միլիոն դրամի հասնող ընդհանուր պարտքը մարելու համար։ «Այնքան, որքան որ պահանջվի»,- արձագանքեց Ավագյանը:

Նրա խոսքով, այժմ գույքագրում է կատարվում, որը կտևի 2-3 ամիս։ Միայն դրանից հետո կորոշվի՝ գնե՞լ ընկերությունը, թե վարձակալել այն։ Առողջացման ծրագրի ղեկավարը նշեց նաև, որ դեռ չեն վճարվել Ագարակի ու Ճամբարակի գործարանների աշխատողների աշխատավարձերը։ Հիշեցնենք՝ Ճամբարակում ընկերությունը որոշել էր պարտքը փոխհատուցել չիրացված «Ռոկֆոր» տեսակի պանրով։ Այսօր արդեն հայկական «Ռոկֆոր»-ի՝ կես գնով (1 կիլոգրամը՝ 3000 դրամ) իրացման հայտարարություններ են հայտնվել «ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Վաճառողները վստահեցնում են՝ որակը լավն է, առաքումն էլ մեկ շաբաթ է տևում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG