Մատչելիության հղումներ

Իսրայելի վարչապետն այսօր մեկնելու է Բաքու


Իսրայելի վարչապետ Բենյամին նեթանյահուն, արխիվ

Այսօր նախատեսված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցն Ադրբեջան: Այցի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ նախօրեին չեն եղել:

Ենթադրվում է, որ Նեթանյահուին ուղեկցելու է մոտ երեք տասնյակ պաշտոնյաների պատվիրակությունը, որի կազմում կլինի նաև բնապահպանության նախարար Զեև Էլկինը: Բաքվում Իսրայելի վարչապետին ընդունելու է Ադրբեջանի նախագահը:

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, ի շարս այլ հարցերի, Իլհամ Ալիևը և Նեթանյահուն քննարկելու են նաև Պաղեստինի հակամարտությունը, քանի որ Բաքուն ջերմ կապեր ունի և հրեից պետության, և Պաղեստինյան ինքնավարության հետ ու հանդես գալով իբրև մահմեդական երկիր՝ կարող է նպաստել հակամարտության կարգավորմանը:

Բացի այդ, Ադրբեջանը կարող է նպաստել Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը: Առաջին անգամ Նեթանհայուն 1998 թվականին է այցելել Ադրբեջան:

Ըստ «Թրենդ»-ի, հանդիպման ընթացքում կքննարկվեն նաև տնտեսական և անվտանգության հարցերը: Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Իսրայելը միշտ պաշտպանել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Լրատվական գործակալությունը նշում է, որ Ադրբեջանը և Իսրայելը կարող են փորձ փոխանակել ռազմական արդյունաբերության և տեխնոլոգիաների բնագավառներում:

Ադրբեջանական աղբյուրները չեն նշում, թե արդյո՞ք կողմերը պայմանագրեր կստորագրեն, մասնավորապես, գերարդիական զինատեսակներ Ադրբեջանին մատակարարելու մասին:

Իսրայելյան արտադրության այդօրինակ զինատեսակները կիրառվել են այս տարվա ապրիլի սկզբին՝ քառօրյա բախումների ընթացքում և էական վնաս են հասցրել հայկական կողմին: Դրանից հետո սպառազինությունների մրցավազքը մեր տարածաշրջանում նոր ընթացք է ստացել:

Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ, Բաքվից Նեթանյահուն կմեկնի Ղազախստան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG