Մատչելիության հղումներ

Թրամփը հորդորում է անտեսել ընտրությունները կեղծելու մասին պնդումները


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Exxon Mobil ընկերության գործադիր տնօրեն Ռեքս Թիլերսոնը, արխիվ, Սանկտ Պետերբուրգ, 21 հունիսի, 2013թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Exxon Mobil ընկերության գործադիր տնօրեն Ռեքս Թիլերսոնը, արխիվ, Սանկտ Պետերբուրգ, 21 հունիսի, 2013թ.

«Դա պարտությունն արդարացնելու ևս մեկ փորձ է»

Ամերիկայի Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցության շրջանակներում վերստին խոսում են անցած նախագահական ընտրությունների ընթացքի և արդյունքի վրա ռուս հաքերների ազդեցության մասին:

Հետախուզական կառույցներն օրերս հայտնել են, որ կան ռուսների միջամտության ակնհայտ ապացույցներ: Ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը հեգնանքով է արձագանքել այդ կարգի պնդումներին:

«Դա անհեթեթեություն է: Կարծում եմ, դա ընդամենը պարտությունն արդարացնելու ևս մեկ փորձ է, չեմ հավատում այդ բաներին, ամեն շաբաթ մի նոր բան են հորինում, ինչպես գիտեք՝ մենք համոզիչ հաղթանակ ենք տարել Ընտրիչների կոլեգիայում»,- ասել է Թրամփը Fox News հեռուստաընկերության թղթակցին Նյու Յորքում:

Ամերիկացի վերլուծաբանների կարծիքով, ընտրյալ նախագահը, դեռ պաշտոնը չստանձնած, իր այս մեկնաբանություններով արդեն հրապարակավ հակադրվում է անվտանգության ծառայություններին, քանի որ հեգնանքի և քննադատության թիրախը դառնում է ոչ այնքան Դեմոկրատական կուսակցությունը, որքան հետախուզական համայնքը:

Վերջին շրջանում Կոնգրեսի ղեկավարների մակարդակով է արծարծվել ամերիկյան ընտրություններին ռուս հաքերների միջամտության փաստերը քննելու անհրաժեշտությունը: Իսկ հետախուզական ծառայությունները հայտնել են, որ իրենց տվյալներով, հաքերները կոտրել են Դեմոկրատական կուսակցության կայքերը՝ նախևառաջ փորձելով վնաս հասցնել նախագահության թեկնածու Հիլարի Քլինթոնի վարկին:

Ընտրյալ նախագահն ասել է, որ այդ հարցում շատ դժվար է որևէ բան ապացուցել:

«Տեսեք, թե ինչ է եղել և ինչ են ասում, այստեղ ամեն բան խառնված է: Հաքերությունը հետաքրքիր բան է, եթե կոտրում են կայքը և տեղում չես բռնվում, այլևս չեն բռնի, ոչ ոք չի կարող ասել՝ Ռուսաստանի՞ց էր գրոհը, գուցե Չինաստանի՞ց, դա կարող է լինել ցանկացած մեկը», - ասել է Թրամփը:

Թրամփը հակառակվում է հետախուզության համայնքին

The Washington Post պարբերականն անցած ուրբաթ օրն է հաղորդել, որ ըստ Կենտրոնական հետախուզական վարչության վերլուծաբանների, Թրամփի ընտրությունը բխում է Ռուսաստանի շահերից: Նման եզրահանգման առիթը բավական պարզ ու հստակ է՝ դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի և անձամբ Հիլարի Քլինթոնի կայքեջերից ցանցահենության եղանակով գողացված հազարավոր էլեկտրոնային նամակները WikiLeaks-ին տրամադրած անձինք ակնհայտ կապ ունեն Ռուսաստանի ղեկավարության հետ:

Ավելին, The New York Times պարբերականը հայտնել է, որ ըստ հետախուզության բնագավառի փորձագետների, ռուս հաքերները կոտրել են նաև Հանրապետական կուսակցության սերվերները, սակայն չեն հրապարակել Թրամփի համար տեսականորեն վտանգավոր նամակներ կամ այլ նյութեր:

Պերքարտուղարի նոր թեկնածուն՝ ռուսական շքանշանի դափնեկիր

Մինչդեռ, Թրամփի և Ռուսաստանի առնչությունների թեման կարող է էլ ավելի բորբոքվել առաջիկա օրերին. ընտրյալ նախագահն ասել է, որ մինչև այս շաբաթավերջ որոշում է կայացնելու պետքարտուղարի թեկնածուի ընտրության հարցում:

Հիմա առավել հնարավոր թեկնածուների ցանկում է Exxon Mobil ընկերության գործադիր տնօրեն Ռեքս Թիլերսոնը, ով ժամանակին քննադատել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների սահմանումը, քանի որ պատժամիջոցների հետևանքով Exxon Mobil-ը դադարեցրել է ռուսաստանում հորատման աշխատանքները:

Թիլերսոնը սերտ գործնական կապեր ունի ռուսական բիզնեսի հետ և նույնիսկ անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից 2013 թվականին Բարեկամության շքանշան է ստացել:

Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Exxon Mobil-ի գործադիր տնօրենը նախևառաջ արհեստավարժ ղեկավար է, հարկ է միայն դա հաշվի առնել: Պեսկովի համոզմամբ, կապերը երկրորդական նշանակություն կունենան, քանի որ Թիլերսոնի համար, եթե ստանձնի պետքարտուղարի պաշտոնը, առաջնայինը կդառնան ամերիկյան շահերը:

«Ով էլ նշանակվի պետքարտուղար, մենք ընդամենը ցանկանում ենք, որ նա պարտրաստ կլինի կառուցողական երկխոսության»,- ասել է Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG