Մատչելիության հղումներ

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում այսօր և վաղը «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Բորիս Բերեզովսկին:

Նա արդեն երրորդ անգամ է Հայաստանում և, ինչպես այսօր համերգից առաջ հրավիրված ասուլիսին նշեց փառատոնի հիմնադիր նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը, Բորիս Բերեզովսկին այսօր աշխարհի լավագույն դաշնակահարներից մեկն է և, չնայած իր գերզբաղվածությանը, անվանի երաժիշտը չի մերժում Հայաստանում հյուրախաղերով հանդես գալու հրավերը:

«Մեզ համար իր գալը Հայաստան միշտ երաժշտական առումով տոն է, որովհետև ինքը շփվում է ամենաբարձրագույն երաժշտության հետ, և նաև մեզ մասնակից է դարձնում: Առաջին անգամ չէ այստեղ, և նա մեր լավագույն բարեկամներից մեկն է, որ ամեն անգամ մեծ սիրով է գալիս Հայաստան: Էս անգամ ուրախ եմ, որ առաջին անգամ պիտի Հայաստանում հնչի իր կատարմամբ Չայկովսկու երկրորդ դաշնամուրային կոնցերտը: Միշտ հայտնի էր առաջին կոնցերտը», - ասաց Ռոստոմյանը:

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ այսօրվա համերգի ծրագրում ներառված է նաև Սիբելիուսի թիվ 2 սիմֆոնիան:

Իսկ վաղը Բորիս Բերզովսկին հանդես կգա մենահամերգով, որի ընթացքում կկատարի Բարտոկի, Շոպենի, Գրիգի և Ստրավինսկու ստեղծագործությունները:

Պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք ցավալի չէ, որ երաժշտական այն վիթխարի ժառանգությունը, որ կրում է մարդկությունը, այդպես էլ չի փոխել մարդկային հասարակությունները, չի կարողացել պատերազմները կանխարգելող դեր ունենալ, Բորիս Բերեզովսկին պատասխանեց․ - «Իհարկե ցավալի է: Բայց ինչ կարող ես անել․ մարդն այդպիսին է՝ բոլոր դարերում անընդմեջ պատերազմել է: Իսկ մենք դրանց դադարների միջակայքում ստեղծագործում ենք ու ստեղծագործում»:

Թեև արդեն երրորդ անգամ է գալիս Հայաստանում, բայց, ինչպես ինքն ասաց, առայժմ չի հաջողվել ծանոթանալ մեր երկրի պատմամշակութային ժառանգությանը՝ հույս հայտնելով, որ գուցե մի անգամ կարողանա հյուրախաղերից հետո մի քանի օր ավելի մնալ Հայաստանում:

Աշխարհահռչակ դաշնակահարը նաև հպարտությամբ հավելեց, որ ինքը Խաչատրյանի ստեղծագործությունների լավագույն կատարողներից մեկն է համարվում ողջ աշխարհում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG