Մատչելիության հղումներ

Էրդողանը «վճռական է» ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու հարցում


Ստամբուլ, 10-ը դեկտեմբերի, 2016 թ․
Ստամբուլ, 10-ը դեկտեմբերի, 2016 թ․

Ստամբուլում շաբաթ երեկոյան տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 44-ի, ավելի քան 150 վիրավոր կա:

«Անադոլու» գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղի հրապարակած տվյալները, հայտնում է, որ զոհվածներից 36-ը ոստիկան են, 8-ը` քաղաքացիական անձ: Ահաբեկչությունից հետո թուրքական իշխանությունները մեղադրեցին Քուրդիստանի բանվորական կուսակցությանը` հայտարարելով, որ թիրախը թուրքական ոստիկանությունն է եղել: Սակայն, կարճ ժամանակ անց կատարվածի պատասխանատվությունը ստանձնեց նախկինում ևս ծայրահեղական գործողություններով աչքի ընկած «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը:

Թուրքիայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ` այսօր երկրի 11 նահանգներում անցկացված միջոցառումների արդյունքում 235 մարդ է ձերբակալվել ահաբեկչության հետ առնչություն ունենալու և քարոզչություն իրականացնելու կասկածանքով: Նույնպիսի մեղադրանքով ձերբակալվել են նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 199 անդամ, այդ թվում՝ կուսակցության ղեկավար կազմի ներկայացուցիչները:

Իսկ երեկ Թուրքիայում սգո օր էր: Մամուլը ողողված է զոհվածների հուղարկավորությունների մասին տեսանյութերով, մի շարք պաշտոնյաների ու հանրային գործիչների կողմից ահաբեկչությունը դատապարտող հայտարարություններով: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, որը վարչապետի և մի քանի նախարարների մասնակցությամբ անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, հայտարարել է ահաբեկչության դեմ պայքարը շարունակելու վճռականության մասին:

Երկրի խորհրդարանում ներկայացված քաղաքական երեք կուսակցությունները հանդես են եկել ահաբեկչությունը դատապարտող համատեղ հայտարարությամբ: Այս հայտարարությանը չմիացած քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահադդին Դեմիրթաշը, որն արդեն մի քանի շաբաթ է բանտախցում է գտնվում, ևս դատապարտել է ավելի քանի չորս տասնյակ մարդու մահվան պատճառ դարձած ահաբեկչությունը: Թուրքիայի տարբեր քաղաքներում էհասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ ահաբեկչության դեմ բողոքի քայլերթեր են անցկացվել:

Ստամբուլի կենտրոնական «Բեշիքթաշ» թաղամասում գտնվող «Վոդոֆոն Արենա» մարզադաշտի դիմաց շաբաթ երեկոյան 400 կգ պայթուցիկով լի մեքենա էր պայթել, մեկ այլ պայթյուն էլ որոտացել էր մարզադաշտի հետևում գտնվող այգում՝ ահաբեկիչ մահապարտի միջոցով: Վերջին 1,5 տարվա ընթացքում Թուրքիայում 31 ահաբեկչական հարձակում է տեղի ունեցել, որոնց հետևանքով ավելի քան 450 մարդ է զոհվել, շուրջ երկու հազարը` վիրավորվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG