Մատչելիության հղումներ

Սիրիական զինված ընդդիմությունը գրեթե ամբողջությամբ կորցրեց վերահսկողությունը Հալեպում: Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքում 2012 թվականից ի վեր սա սիրիական ընդդիմության ամենամեծ պարտությունն է:

Ասադի ուժերը ռուսական օդուժի օգնությամբ վերջին մեկ ամսում հետ գրավեցին Հալեպի արևելյան շրջանների ավելի քան 90 տոկոսը՝ այդ թվում՝ Շեյխ Սաիդ շրջանը: Այս մասին հաղորդել է Լոնդոնում գործող սիրիական դիտորդական խումբը: Ռուսական ռազմական գերատեսչության փոխանցմամբ, Հալեպի՝ ապստամբ ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջաններից վերջին օրերին տարհանվել է շուրջ 18 հազար բնակիչ, այդ թվում՝ մոտ 6 հազար երեխա: Ըստ Ռուսական կողմի, Սիրիայի կառավարական զորքերի վերահսկողության տակ անցած տարածքներից երեկ ավելի քան 7 հարյուր գրոհային զենքը վար է դրել և հեռացել:

Հալեպում իրավիճակը, հիշեցնենք, կտրուկ սրվել էր շաբաթներ առաջ, երբ սիրիական կառավարական ուժերն ու դաշնակիցներն այնտեղ խոշոր գործողություններ սկսեցին։ Ահեղ մարտերի հետևանքով հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված եղան լքել զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքները։ Իրավապաշտպանների տվյալներով, նոյեմբերի 15-ից ի վեր, օդուժի ռմբահարումների հետևանքով, Հալեպում զոհվել է առնվազն 247 խաղաղ բնակիչ: Միջազգային գործակալութունների վերջին տեղեկությունների համաձայն, ռուսական օդուժը շարունակում է հարվածները զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքների ուղղությամբ, որտեղ դեռևս խաղաղ բնակչություն կա:

Չնայած Հալեպում գրանցած հաջություններին, սիրիական բանակը կորցնում է վերահսկողությունը պատմամշակութային քաղաք համարվող Պալմիրայում: Պաշտոնական Դամասկոսը հաստատել է, որ ԻՊ-ի ջիհադիստները կրկին գրավել են Պալմիրան: Բրիտանիայում տեղակայված սիրիացի իրավապաշտպանների տվյալներով, մարտերն այժմ տեղափոխվել են քաղաքի ծայրամասային հատվածներ:

«Իսլամական պետության» զինյալները, հիշեցնենք, հնագույն Պալմիրա քաղաքը գրավել էին անցյալ տարվա մայիսին, ականապատել էին տարածքն ու ոչնչացրել բազմաթիվ պատմական հուշարձաններ։ Կառավարական զորքերին շուրջ մեկ տարի անց հաջողվել էր ետ գրավել քաղաքը, սակայն, վերջին օրերին ջիհադիստները սկսել են գրոհել այն` կրկին իրենց վերահսկողության տակ առնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG