Մատչելիության հղումներ

Բարսամյան․ Թրամփի վարչակազմը «թարմ» մոտեցում է ունենալու Հայաստանի հանդեպ


Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը»
Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը»

ԱՄՆ-ի խոշորագույն հայկական լոբբիստական կառույցներից մեկի՝ Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը հարցազրույց է տվել «Ազատությանը»:

ԱՀՀ հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանը վստահեցնում է՝ քաղաքական գործունեության մոտ հարյուրամյա փորձ ունեցող ամերիկահայերը գերազանց հարաբերություններ ունեն Թրամփի վարչակազմի հետ, և «կասկած չկա», որ նոր վարչակազմը լուրջ է վերաբերելու հայ համայնքին:

«Երկուշաբթի Վաշինգտոնում էի, որտեղ հանդիպումներ ունեցա Օբամայի վարչակազմի ներկայացուցիչների հետ, զրուցեցինք իշխանության փոխանցմանն առնչվող հարցերի շուրջ: Ամերիկայի հայերը շատ ակտիվ են ԱՄՆ-ի քաղաքական գործընթացներում: Վերջերս մի հրապարակում տեսա ադրբեջնական կայքերից մեկում, որում նշված էր, թե հայերը մոտ չեն Թրամփին: Դա բացարձակ սուտ է:

Ամերիկայի հայկական համայնքը քաղաքական ակտիվության հարյուրամյա փորձ ունի, կան բազմաթիվ հանրապետական հայեր՝ սկսած Կալիֆորնիայի նախկին նահագապետ Ջորջ Դոքմեջյանից, կան բազմաթիվ հայ օրենսդիրներ: Մենք ունենք շատ լավ կապեր և հարաբերություններ Թրամփի վարչակազմի հետ:

Այն պահից, երբ հստակեցվի, թե ովքեր են առաջնորդելու նոր վարչակազմը, մենք Վաշինգտոնում հանդիպումներ կունենանք այդ մարդկանց հետ: Գերազանց հարաբերություններ ենք ունեցել նախորդ բոլոր վարաչակազմերի հետ, և վստահ եմ՝ գերազանց հարաբերություններ ենք ունենալու նաև Թրամփի վարչակազմի հետ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Բարսամյանը:

Ըստ նրա, իրականությանը չի համապատասխանում այն պնդումը, թե ամերիկահայերն իրենց բոլոր հաշվարկները կապել էին Հիլարի Քլինթոնի վերընտրության հետ: «Քաղաքական խումբ կա, որը խրհրդատվություն է մատուցում Թրամփին, այդ մարդիկ հայեր են: Ուստի, հավատացեք՝ ամեն ինչ կարգին է»,- հավաստիացրեց ԱՀՀ համանախագահը:

«Ազատության» հարցին՝ ի՞նչ կարելի է սպասել հայ-ամերիկյան հարաբերություններում Դոնալդ Թրամփի պաշտոնավարաման օրոք, Էնթոնի Բարսամյանը պատասխանեց՝ «Կարծում եմ՝ Հայաստանի նկատմամբ [Թրամփի վարչակազմի] մոտեցումը լինելու է շատ պրագմատիկ:

Հայաստանն արդյունավետ կերպով աշխատել է իր հարևանների, գործընկերների հետ՝ Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրոպայի հետ: Միացյալ Նահանգների հայերը վստահ են, որ Թրամփի վարչակազմի օրոք դրական, թարմ մոտեցում է լինելու Հայաստանի նկատմամբ: Տարածաշրջանում լավ բաներ են կատարվում՝ կապված Հայաստանի ու հարևան երկրների հետ: Ես լավատես եմ ապագայի հարցում»:

Բարսամյանը կարծիք հայտնեց, որ նոր վարչակազմի օրոք ևս Միացյալ Նահանգներն ակտիվորեն կշարունակի ներգրավված մնալ ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում: Խոսելով Հայոց ցեղասպնության փաստի ճանաչման մասին, նա ասաց՝ «Խոստումներ չենք կորզել, աշխատել ենք փակ դռների հետևում՝ հասկանալու համար Թրամփի վարչակազմի առաջնահերթություները, որպեսզի ներկայացնենք հայկական կառույցների առաջնահերթություները»:

«Յուրաքանչյուր նոր վարչակազմի պաշտոնավարման սկզբում բազմաթիվ են ցուցադրական քայլերը: Ամերիկայի հայկական համայնքը միայն Կալիֆորնիայում ունի 600 հազար անդամ, Մասաչուսեթսում, Միչիգանում, Ֆլորիդայում ևս հայերը քաղաքականապես շատ ակտիվ են: Միացյալ Նահանգների ղեկավարությունը շատ լավ է ճանաչում մեր համայնքը, որն արդեն պատմություն ունի, ներգրավված է գործարար աշխարհում, քաղաքական կյանքում: Եվ կասկած չկա, որը հայ համայնքին լուրջ են վերաբերվելու, լուրջ է վերաբերվելու նոր նախագահ Թրամփը և փոխնախագահ Մայք Փենսը, ով մեր լավ բարեկամն էր Կոնգրեսում»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Էնթոնի Բարսամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG