Այսօր «Ռոյալ թուլիփ գրանդ հոթել Երևան» հյուրանոցում տեղի ունեցավ «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունների կողմից նախաձեռնած «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ-ների ամենամյա 14-րդ մրցույթի մրցանակաբաշխությունը:
Մրցույթին ներկայացվել են հաշմանդամության հիմնախնդիրը լուսաբանող 2015 թ. նոյեմբերի 20-ից 2016 թ. նոյեմբերի 21-ը հրապարակված 29 լրագրողական աշխատանք: Աշխատանքները գնահատվել են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից՝ ըստ սահմանված չափանիշների, որոնք հաշվի են առնում նյութերի լրագրողական արժեքը, հաշմանդամության թեմայի լուսաբանման լեզվի և էթիկայի կանոնների պահպանումը, կարծրատիպերը կոտրելու հավանականությունը:
Միջոցառման ընթացքում հայտնի դարձան լավագույնը ճանաչված հրապարակումները.
«Ռադիո և մուլտիմեդիա» անվանակարգում խրախուսական մրցանակ շնորհվեց Հայաստանի հանրային ռադիոյի լրագրող Կուշանե Չոբանյանին «Ճանաչիր ինձ» նյութի համար:
«Տպագիր և/կամ Էլ. մամուլ» անվանակարգում մրցանակ է տրվել «Հետք» լրատվական կայքի լրագրող Գայանե Սարգսյանը «Ներառական և հատուկ դպրոցների արանքում» հոդվածի համար:
«Հեռուստատեսություն» անվանակարգում
3-րդ մրցանակը ստացավ Ազատություն TV-ի լրագրող Անուշ Մկրտչյանը «Թեև Երևանն ինձ զրկել է շրջելու հնարավորությունից, ես սիրում եմ իմ քաղաքը» տեսանյութի համար:
2-րդ մրցանակը ստացավ «Շողակաթ» հեռուստաընկերության լրագրող Մարինե Քոչարյանը «Ինչը փոխեց իմ կյանքը» տեսանյութի համար:
1-ին մրցանակը ստացավ «Սիվիլնեթ» հեռուստաընկերության լրագրող Անի Գրիգորյանը «Հոսպիտալում ծնված մեծ ընկերություն» տեսանյութի համար:
Կովկասյան ցանց երեխաների համար նախաձեռնության կողմից սահմանված խրախուսական մրցանակով պարգևատրվեց CivilNet TV-ի լրագրող Արշալույս Բարսեղյանը «13-ամյա տղայի երազանքը Հենրիխ Մխիթարյանին հանդիպելն է» նյութի համար:
«Հույսի կամուրջ» ՀԿ 20-ամյակի գլխավոր մրցանակին արժանացավ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրագրող Անժելա Ֆրանգյանը «Ճանապարհ» կարճամետրաժ վավերագրական ֆիլմի համար: