Մատչելիության հղումներ

Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը ցանկանում է Գյումրին տուրիզմի մայրաքաղաք դարձնել: Դեկտեմբերի 7-ին Գյումրի այցելած վարչապետը տեղի բիզնեսմեններին ու տեխնոպարկի ուսանողներին առաջարկեց մոդել մշակել, որ Գյումրիի օդանավակայան վայրէջք կատարողը ոչ թե միանգամից Երևան գնա, այլ մի քանի օր Գյումրիում մնա:

«Առաջարկում եմ ձեզ՝ դուք ինքներդ ձեր առջև խնդիր դնեք՝ ոնց անեք, որպեսզի Գյումրին մի քիչ հարմարավետ սարքեք։ Որտեղ ինչ բիզնես կազմակերպել, որտեղ ինչպես ինչ նախապատրաստական աշխատանքներ անել, որպեսզի Գյումրին դառնա այն տեղը, որտեղ «Պոբեդա» ինքնաթիռից իջնողը ուզում է մեկ օր մնա, հետո՝ մեկ օրից հետո՝ երկու օր մնա և այլն։ Ֆանտաստիկ տեղեր կան Գյումրիում կլասիկ զբոսաշրջիկի համար՝ և՛ պատմական, և՛ հին, և՛ ման գալու տեղ, և՛ մշակույթ, մի քիչ ռեստորան, կաֆե․․․ տրամադրություն, ժպիտ», - իր խոսքում նշեց վարչապետը։

Գյումրիում տեսնելու շատ բան կա, քանի որ քաղաքի պատմական միջուկը պահպանվել է։ Բացի այդ, հարակից համայնքներում կան 1000-ամյա պատմամշակութային կոթողներ՝ Երերույքի տաճար, Մարմաշենի եկեղեցի: Տուրիստական գործունեությամբ զբաղվող Ալեքսան Տեր-Մինասյանն ասում է՝ ոլորտը կարող է զարգանալ, բայց լուրջ խնդիր կա:

«Գյումրին, ցավոք սրտի, առայժմ որպես տուրիստական վայր ֆիքսված չէ։ Մենք բրենդավորման լուրջ խնդիր ունենք, ինֆրաստրուկտուրայի լուրջ խնդիր կա», - վարչապետի հետ հանդիպմանը նշեց Տեր-Մինասյանը։

Տնտեսագետ, «Կոմպաս» գիտահետազոտական կենտրոնի խորհրդի անդամ Կարեն Պետրոսյանը ևս ներկա էր վարչապետի հետ հանդիպմանը: Մի քանի հարց հղեց Կարեն Կարապետյանին: «Ազատության» հետ զրույցում էլ տնտեսագետն ասաց՝ պետք է հասկանալ, կառավարությունը եկել էր իրոք գործնական քայլեր անելու համա՞ր, թե՞ սա զուտ նախընտրական այց էր:

«Եթե օրվա կառավարությունը չի եկել ապահովելու համար 2017 թվականի ընտրությունների արդյունքներ իշխող կուսակցության համար, սա պետք է երևա մինչև այդ։ Իսկ երևալ՝ ենթադրում է համակարգային լուծումներ։ Ճիշտն ասած, ժամանակահատվածը, որ ընտրվել է, շատ կարճ է համակարգային լուծումներ ցույց տալու համար։ Բայց այս կարճ ժամանակաշրջանում ապահովել տնտեսական լուծումներ, արդյունք՝ սա բավականին բարդ գործ է», - նշեց նա։

Ժողովրդագրագետ Արտաշես Բոյաջյանն էլ էր ներկա հանդիպմանը: Վերջինիս կարծիքով նոր կառավարության ղեկավարը եկել էր և՛ լսելու, և՛ հետագայում քայլեր ձեռնարկելու համար:

«Իրենք էլ են գիտակցում, որ Հանրապետությունը այս ուղիով զարգացման դեպքում ապագա չունի, որովհետև նորից կսկսվի ազգաբնակչության արտագաղթ։ Մեր կողմից կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ կոնկրետ Գյումրի քաղաքից տարեկան արտագաղթում է 2-3 հազար բնակիչ», - նշեց ժողովրդագրագետը։

Բոյաջյանը վստահ է, որ աղքատության ու արտագաղթի բարձր ցուցանիշ ունեցող մարզում հաջորդ տարի վիճակն ավելի կսրվի, քանի որ պետական կառավարման օղակներում սկսվել է օպտիմիզացիա, որի արդյունքում գործազուրկների թիվը կավելանա: Իսկ Եվրասիական միությունից ակնկալիքները չարդարացան՝ տեղի և ոչ մի գործարարի համար նոր շուկա չբացվեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG