Լեռնային Ղարաբաղ այցի երկրորդ օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում, Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի, Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության նախարարների և բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է ԼՂ հարավային և հարավ-արևելյան մի շարք զորամասեր:
Հայաստանի նախագահի աշխատակազմի լրատվական վարչության հաղորդմամբ, պաշտպանական դիրքերից մեկում նախագահները ծանոթացել պաշտպանական համակարգի ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքներին, քննարկել են զորքերի պատրաստությանն առնչվող խնդիրներ:
Սերժ Սարգսյանը պարգևատրել է զորամասի լավագույն սպաներին, պայմանագրային և ժամկետային զինծառայողներին` բարեխիղճ և գերազանց ծառայության համար, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ խիզախության, անձնուրաց քաջության և անմնացորդ նվիրումի համար թիվ N զորամասի հրամանատար, փոխգնդապետ Արամ Հայրյանին «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել նաև սպաների համար կառուցված բազմաբնակարան շենքի և երկու զորանոցի բացման արարողություններին, ծանոթացել սպաների բնակարանային պայմաններին և բնակարանամուտի առթիվ շնորհավորել նրանց: Հայաստանի նախագահը նաև խրախուսական նվերներ է հանձնել ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին: