Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի «սև ցուցակում» կարող է հայտնվել ցանկացած երկրի կոռումպացված պաշտոնյա


Նախկինում «Մագնիտսկու» օրենքով սահմանված պատժամիջոցներն ԱՄՆ-ը կիրառում էր միայն Ռուսաստանի քաղաքացիների, առավելապես՝ պաշտոնյաների նկատմամբ:

Միացյալ Նահանգների Սենատը երեկ ձայների մեծամասնությամբ արտոնեց ամերիկյան վարչակազմին այսուհետ պատժամիջոցներ սահմանել ցանկացած երկրի, այդ թվում` հայաստանցի պաշտոնյաների նկատմամբ՝ կաշառակերության ու մարդու իրավունքները խախտելու համար:

Նախագահ Օբամայի վավերացման համար Սպիտակ տուն ուղարկված փաստաթղթով ամերիկացի օրենսդիրներն առաջարկում են աշխարհով մեկ կիրառել տարիներ առաջ ընդունված «Մագնիտսկու» օրենքը, որը մինչ օրս տարածվում էր միայն Ռուսաստանի վրա: Այս փոփոխությունն առաջ էին մղում Սենատի երկու հեղինակավոր ներկայացուցիչներ դեմոկրատական ու հանրապետական ճամբարներից՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բեն Քարդինն ու զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ջոն ՄըքՔեյնը: Երկուսն էլ վստահ են՝ ԱՄՆ-ի նախագահը պետք է իրավունք ունենա մարդու իրավունքները ոտնահարողներին զրկել Միացյալ Նահանգներ մտնելու և ամերիկյան ֆինանսական աղբյուրներից օգտվելու իրավունքից:

«Այս քայլով ամերիկյան դիվանագիտությունը ստանում է կարևոր ու արդյունավետ գործիք, հստակ ընդգծելով՝ մարդու իրավունքները լրջագույնս ոտնահարող ու կոռուպցիայի մեջ ներքաշված պաշտոնյաները Միացյալ Նահանգներում չեն կարող խուսափել պատասխանատվությունից, անգամ եթե հայրենիքում մնացել են անպատիժ»,- հայտարարել են փոփոխության համահեղինակները: Նրանք նաև ընդգծում են՝ օրինագծի թերևս ամենակարևոր ուղերձներից մեկն էլ այն է, որ Միացյալ Նահանգները կանգնում է բոլոր նրանց կողքին, ովքեր խիզախորեն պայքարում են հանուն մարդու իրավունքների պաշտպանության ու ժողովրդավարության:

Նախագծով, մասնավորապես, ԱՄՆ-ի նախագահը հնարավորություն է ստանում Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովների տված հիմքերը հաշվի առնելով, պատժամիջոցներ սահմանել ցանկացած երկրի քաղաքացու և կառավարության ներկայացուցչի նկատմամբ՝ կաշառակերության, կտտանքների, սպանության կամ մարդու իրավունքների այլ լրջագույն խախտումների համար: Օրինագիծը նաև պահանջում է Ամերիկայի նախագահից ամեն տարի Կոնգրեսին զեկույց ներկայացնել այս ուղղությամբ կատարված քայլերի վերաբերյալ:

«Մենք պետք է ցույց տանք, որ ժողովրդավարությանը վերաբերող առանցքային հարցերում Ամերիկայի դիրքորոշումը միանշանակ է»- հայտարարել է դեմոկրատ Ջիմ ՄըքԳովերնը՝ շարունակելով,֊ «Դա հնարավորություն կտա պատժել մարդու իրավունքները ոտնահարողներին, եթե անգամ Ամերիկայի նոր նախագահը որոշի աչք փակել խախտումների վրա: Օրենքի ձևակերպումներն ու դրույթները հստակ ընդգծում են՝ անկախ այն բանից, թե ինչ դիրքորոշում կունենա Սպիտակ տան ղեկավարը, օրենսդիր մարմինը՝ երկու ճամբարներով, հաստատակամ է այս հարցում»:

«Ամերիկա մտնելն ու մեր ֆինանսական հնավորություններից օգտվելը արտոնություն է, որ չպետք է տրվի օրինախախտներին,»- ընդգծել է նախագծի համահեղինակ, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բեն Քարդինը շարունակելով,֊ «Փորձը ցույց է տալիս, որ կոռումպացված պաշտոնյաները ցանկանում են իրենց ունեցվածքը պահել հայրենիքից դուրս, փորձում են Միացյալ Նահանգներ գալ, օգտվել մեր բանկային համակարգից: Զրկելով նրանց այդ հնարավորությունից՝ մենք թույլ չենք տալիս, որ Ամերիկայի ֆինանսական համակարգն օգտագործվի ապօրինի ճանապարհով ստացված միջոցները լվանալու համար»:

Օրենքի ուժ ստանալու համար այժմ փաստաթուղթը պետք է ստորագրվի նախագահ Բարաք Օբամայի կողմից: Վերջինս կարող է նաև կիրառել վետոյի իր իրավունքն ու այն ետ ուղարկել: Սպիտակ տան խոսնակն առայժմ չի մանրամասնել՝ ինչպես կվարվի պաշտոնավարման երկրորդ ժամկետն ավարտող Բարաք Օբաման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG