ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան այսօր երեկոյան պետք է քվեարկի Հալեպի հարցով նոր բանաձևը, որ ներկայացրել է Կանադան:
Փաստաթուղթը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և հումանիտար օգնություն հասցնել քաղաք: Հավանության արժանանալու դեպում, սակայն, այն պարտադիր կատարման ենթակա չէ:
ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ռայրոֆթը լրագրողների հետ զրույցում թերահավատորեն է խոսել սպասվող քվեարկության մասին: «Ցավոք, դա բավարար չէ, բացի այդ էլ՝ շատ ուշ է», - հայտարարել է դիվանագետը: Միևնույն ժամանակ, նա հույս է հայտնել, թե բանաձևի ընդունումը ցույց կտա, որ ՄԱԿ-ի անդամ երկրների մեծամասնությունը, որոնք ընդգրկված չեն Անվտանգության խորհրդում, հստակ դիրքորոշում ունեն խաղաղության և անվտանգության հարցում ու հիասթափված են Անվտանգության խորհրդում միասնականության բացակայությունից:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, իր հերթին, հայտարարել է, որ իր կարծիքով՝ այս բանաձևը չի կարող փոխել Հալեպում իրադարձությունների ընթացքը:
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին չի հաջողվել ընդունել Սիրիայում 7-օրյա հրադադարի հաստատման մասին բանաձևը. Ռուսաստանն ու Չինաստանը արգելափակել են փաստաթղթի ընդունումը:
Երեկ երեկոյան Ռուսաստանը հայտարարել է, որ Հալեպի արևելքում ռազմական գործողությունները դադարեցվել են, և դա թույլ կտա մոտ 8․5 հազար մարդու լքել զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածքները:
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրան ողջունել է պաշտոնական Մոսկվայի այդ հայտարարությունը, սակայն ընդգծել է, որ չի կարող անկախ աղբյուրներից ճշտել ոչ հրադարարի, ոչ էլ խաղաղ բնակչության տարհանման մասին պնդումները: