Մատչելիության հղումներ

Վարչապետ․ Դիվանագիտական կորպուսը պետք է իր աշխատանքում ընդլայնի տնտեսական բաղադրիչը


Արտաքին քաղաքականության տնտեսական հատվածին վերաբերող խորհրդարանական քննարկումների ժամանակ Կարեն Կարապետյանն ասաց, որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է անհամեմատ ավելի մեծ ջանքեր գործադրի իր առօրյա աշխատանքի մեջ՝ տնտեսական բաղադրիչի ընդլայնման ուղղությամբ, քանի որ դա է մեր տնտեսության զարգացման գրավականը:

«Այս դաշտում մենք շատ-շատ անելիքներ ունենք, չափից շատ անելիքներ ունենք, և, կարծում եմ, ունենք նաև բացթողումներ», - չթաքցրեց վարչապետը: - «Երկրի փոքրությունը, շուկայի փոքրությունը ակնհայտ ցույց է տալիս, որ մենք աշխարհի համար պետք է ընկալելի լինենք և աշխարհում մեր տնտեսական տեղը գտնենք: Այդ իսկ առումով, կարծում եմ, որ մենք Արտաքին գործերի նախարարության, մեր դիվանագիտական կորպուսի հետ չափազանց շատ բան ունենք անելու: Մենք պետք է համատեղ մշակենք մի գնահատման համակարգ, որպեսզի մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին գնահատելու ժամանակ կարողանանք գնահատել նաև, թե ինչպես են իրենք մասնակցում տնտեսական զարգացմանը: Չեմ կարծում, որ այսօր օրակարգում դա կա»:

Կարեն Կարապետյանը շեշտեց, որ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցիչները պետք է բանակցեն այլ երկրների շուկաներ հայաստանյան ապրանքների համար ավելի դյուրին մուտք ապահովելու համար, պետք է աշխատեն նաև, որ արտերկրում Հայաստանը ունենա ներդրումների համար գրավիչ և հուսալի գործընկերոջ իմիջ, պետք է հասանելի դարձնեն Հայաստանում ներդրումներին վերաբերող տեղեկատվությունը օտար երկրներում:

Վարչապետը ցավով արձանագրեց, որ, մի կողմից, Հայաստանը ցանկանում է այլ երկրներից ներդրումներ ունենալ, մյուս կողմից՝ ոլորտին վերաբերող Հայաստանի օրենսդրության անգլերեն թարգմանությունն անգամ չկա․ - «Ես, հանդիպելով դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ հետ, դեսպանների հետ, որոնք տեղակայված են Հայաստանի Հանրապետությունում, դիմել եմ իրենց և խնդրել եմ, որպեսզի իրենք լինեն ոչ միայն դեսպանը այն երկրի, որոնց ներկայացնում են այստեղ, այլ նաև մեր դեսպանը լինեն, քարոզեն մեր երկրի հետ կապված և նաև հուշեն, խորհուրդ տան, թե ինչ պետք է անենք, որպեսզի մենք ավելի բաց լինենք և հասկանալի լինենք մեր պոտենցիալ ինվեստորներին»:

Հայաստանն իր հերթին, ըստ Կարեն Կարապետյանի, կարող է իր գործընկերներին առաջարկել համեմատաբար դյուրին մուտք խոշոր շուկաներ:

Վարչապետը նախանշեց նաև անելիքները․ պետք է ակտիվացնել տնտեսական արտաքին քաղաքականությունը՝ օգտագործելով թե՛ ԵԱՏՄ անդամակցությունը, թե՛ Եվրամիության հետ համագործակցության նոր իրավական ձևաչափը, նոր շուկաներ բացահայտել տեղական արտադրանքի համար, ապահովել երկրի ճանաչելիության ու ներդրումային հեղինակության բարձրացումը, ուժեղացնել ներդրողների իրավունքների պաշտպանությունը:

Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանը, ով մասնակցում էր լսումներին, մեջբերեց դահլիճում գործարար աշխարհի բարձրացրած հարցերը․ արդյո՞ք օտարերկրյա ներդրողները մեր երկիր գումար կբերեն, եթե տեղի գործարարը Հայաստանում ներդրում չի կատարում, նախընտրում է իր գումարը տանել այլ երկրներ, որտեղ արդարադատությունն ու սեփականության իրավունքն ավելի ամուր են, հարկային կանոնները՝ հասկանալի և կայուն, մրցակցային դաշտը՝ հավասար:

«Ոչ թե իմ դիվանագետին ուղարկում են այնտեղ, ասում եմ՝ ներդրումներ բեր: Ներդրումներ բերելու համար տունդ պետք ա աշխատանքդ դասավորես, արդարադատությունդ պետք ա զարկ տաս, դատական համակարգի հետ հավասար դաշտ պետք ա ստեղծես, բոլոր նախկին մեղավորները պետք ա պատժվեն, սեփականության իրավունքի անձեռնամխելիությունը պետք է ընդհանրապես քննարկման խնդիր չլինի, Հարկային օրենսգիրքդ պետք ա նպաստի: Պատկերացրեք, մեր դիվանագետները գնացել են, ժամանակ են ծախսել, պատիվ են տվել, չգիտեմ ինչեր են արել, մեկին գտել են, էն էլ քնած տեղից արթնացել ա, ասել ա՝ լավ, գնամ Հայաստանում ներդրումներ անեմ: Արտասահմանի քաղաքացին, որ գա էս երկիր, եթե ինքը ստեղ դեսպան ունի, բնական է, գնալու է, չէ՞, դեսպանատուն․․․ Իրա դեսպանը ի՞նչ ա ասելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Հարցին, թե արդյոք դիվանագիտական ողջ աշխատանքը մի ակնթարթում ջուրը չի լցվի, երբ լսեն Հայաստանում անհավասար պայմանների բախված, արդարադատության չհասած, իրենց բիզնեսից կամ սեփականությունից ստիպված հրաժարված գործարարների պատմությունները, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանը պատասխանեց․ - «Կա և՛ լավը, և՛ կան որոշակի մտահոգիչ բաներ: Բայց պետք է ամեն ինչ օբյեկտիվ ներկայացնել, որովհետև եթե մի մտահոգիչ բան է լինում, ավելի շատ է բարձրաձայնվում՝ ստվերելով էն մեծ ծավալի աշխատանքը, որ արվում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG