Մատչելիության հղումներ

Մոլդովայի ԱԳ նախարարը հատուկ կարգավիճակ է առաջարկում Մերձդնեստրին


Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Անդրեյ Գալբուրը Երևանում ասուլիսի ժամանակ, 16-ը նոյեմբերի, 2016թ․
Մոլդովայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Անդրեյ Գալբուրը Երևանում ասուլիսի ժամանակ, 16-ը նոյեմբերի, 2016թ․

Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրաինտեգրման հարցերով նախարար Անդրեյ Գալբուրը Համբուրգում հայտարարել է, որ Մերձդնեստրի խնդրի կարգավորման բանակցություններում մտադիր են քննարկել Մոլդովայի կազմում Մերձդնեստրին հատուկ կարգավիճակ շնորհելու հարցը:

Ելույթ ունենալով ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի ամենամյա նիստում՝ նա ասել է, թե 2017 թվականին մտադիր են կենտրոնանալ Մերձդնեստրի հակամարտության կարգավորման հայեցակարգային փաստաթղթի մշակման վրա:

«Կարծում եմ, ընդհանուր շահերից է բխում՝ վերջ տալ ստատուս քվոյին և աստիճանաբար անցնել քաղաքական կարգավորմանը: Այս հարցում մեր մոտեցումները հստակ են», - հայտարարել է Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ նշելով, թե Մերձդնեստրի իրավական հատուկ կարգավիճակի հետ կապված անհրաժեշտ է սկսել քաղաքական քննարկումները:

«Այս մոտեցումը պետք է հիմնված լինի Մոլդովայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա՝ ճանաչելով Մերձդնեստրի հատուկ կարգավիճակը միավորված երկրի շրջանակներում: Միայն նման կերպ է հնարավոր հասնել Մերձդնեստրի խնդրի համապարփակ և երկարատև լուծմանը», - ասել է Գալբուրը և նաև առաջարկել, որ Մերձդնեստրի խաղաղապահ առաքելությունը փոխարինվի քաղաքացիական դիտորդական առաքելությամբ:

«Ներկայիս խաղաղապահ գործողությունը Մերձդնեստրում կատարել է իր խնդիրը: Հիմա այն պետք է լինի միջազգային բազմակողմ քաղաքացիական նախաձեռնություն՝ սպառազինությունների վերահսկման միջազգային համապատասխան մանդատով: Մեզ անհանգստացնում է այդ շրջանում շարունակվող իրավիճակը: Պետք է հասնել տեղաշարժի, ԵԱՀԿ շրջանակում հարցերի քննարկման, այդ թվում նաև՝ սպառազինությունների վերահսկման հարցերի», - Համբուրգում հայտարարել է Անդրեյ Գալբուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG