Մատչելիության հղումներ

Քերրին նախազգուշացնում է ԵԱՀԿ-ին սպառնացող վտանգի մասին


Գերմանիա - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին համբուրգյան հանդիպումներից մեկի ժամանակ, 7-ը դեկտեմբերի, 2016թ․
Գերմանիա - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին համբուրգյան հանդիպումներից մեկի ժամանակ, 7-ը դեկտեմբերի, 2016թ․

Միացյալ Նահանգների պետքարտուղարի պաշտոնում վերջին անգամ մասնակցելով ԵԱՀԿ արտգործնախարարների տարեկան հավաքին, Ջոն Քերրին Համբուրգում խոսել է ԵԱՀԿ տարածքին սպառնացող ավտորիտար պոպուլիզմի վտանգի մասին:

«Բարեկամներ, ԵԱՀԿ տարածքի շատ հատվածներում մենք վերջին օրերին տեսնում ենք մարդու իրավունքների ոտնահարումներով, մամուլի ազատության սահմանափակումներով, անհանդուրժողականության և ատելության հողի վրա կատարված հանցագործություններով ուղեկցվող ավտորիտար մտածելակերպի աճ», - երեկ հայտարարել է Քերրին ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհրդի 23-րդ ժողովում:

Նա անդրադարձել է Ուկրաինայի հակամարտությանը՝ ասելով․ - «Դոնբասի հակամարտությունը և Ղրիմի բռնակցումը շատ երկար է տևում և երկու կողմերին մարդկային մեծ կորուստներ է պատճառում, բոլոր կողմերի շահից է բխում դուրս գալ այս փակուղուց, հենց դրա համար է Միացյալ Նահանգները աջակցում Ֆրանսիային և Գերմանիային՝ նորմանդյան ձևաչափով բանակցություններում, և շփման եռակողմ խմբի առաքելությանը»:

Այսօրվա դրությամբ դեռ հստակ չէ, թե ինչ քաղաքականություն կվարի Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Դոնբասի և Ղրիմի հարցերում: Թրամփը մի քանի անգամ հայտարարել է, որ ցանկանում է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, և ամիսներ առաջ նույնիսկ ակնարկել է, որ պատրաստ է քննարկել Ղրիմի բռնակցումը ճանաչելու հնարավորությունը:

Քերրին 2017 թվականի հունվարին ազատելու է պետքարտուղարի պաշտոնը, Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչության ապագա ղեկավարի անունն առայժմ հայտնի չէ, Թրամփն այդ նշանակման խնդիրը քննարկել է մի քանի գործիչների հետ:

Քերրին երեկ Համբուրգում խոսել է ԵԱՀԿ տարածքի մարտահրավերների մասին, ասելով, որ բոլորը տեսնում են, թե հիմա ինչ է կատարվում. մեծ թվով երկրներում աճում է կոռուպցիան, ավտորիտարիզմը, իշխանությունը հզորացնելու մտադրություն ունեցող որոշ լիդերներ ցանկանում են փոխել իրենց պետությունների սահմանադրությունները, արձանագրվում են կտտանքներ կիրառելու փորձեր, մեդիայի նոր հարթակներն օգտագործվում են կեղծ լուրեր տարածելու համար:

«Այս բոլոր զարգացումները, եթե պարզ ասենք՝ ուղիղ հարձակում են ԵԱՀԿ հիմնադիր սկզբունքների վրա: Մոլեռանդությունը, այլախոհներին լռեցնելը, բռնաճնշումները երբեք չեն կարող մեր կողմից բնական համարվել, ազատությունից ցանկացած շեղում ևս մեկ սալիկ է, որով կառուցվում է դեպի բռնապետություն տանող անճոռնի ճանապարհը», - հայտարարել է Ջոն Քերրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG