Մատչելիության հղումներ

Վթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենան, երկու սպա մահացել է


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Այսօր ժամը 11-ի սահմաններում Երևան-Գորիս ավտոճանապարհին՝ Գորիս քաղաքի մոտակայքում վթարի է ենթարկվել Հայաստանի պաշտպանության նախարարին սպասարկող ավտոմեքենաներից մեկը, ինչի հետևանքով կան զոհեր։ Այս մասին «Ազատությանը» հայտնեցին պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վթարի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ լեյտենանտ Արմեն Վեսմիրի Մուսիկյանը (վարորդը) և անվտանգության աշխատակից կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը։

Նախարար Վիգեն Սարգսյանը պատահարի ժամանակ ավտոմեքենայում չի եղել:

Հայաստանի քննչական կոմիտեից ավելի ուշ հայտնեցին, որ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի ենթարկվելու դեպքի առթիվ կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

«2016թ. դեկտեմբերի 8-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Երևան-Գորիս ճանապարհի 231,3-րդ կմ-ում ՊՆ N զորամասի զինծառայող ավագ վարորդ, լեյտենանտ Ա. Մուսիկյանն իր վարած «ԼԵՔՍՈՒՍ LX-570» մակնիշի ՊՆ հաշվառման համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվել ձախակողմյան ձորը, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ նույն զորամասի զինծառայող ավագ սպա, կապիտան Ալեքսան Նվերի Սիմոնյանը, ստացած վնասվածքներից մահացել է «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲԸ տեղափոխելու ճանապարհին», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», կատարվում է նախաքննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG