Բրունո Լը Ռուի մուտքը Ադրբեջան արգելված է. պատճառը ֆրանսիացի քաղաքական գործչի Լեռնային Ղարաբաղ այցերն են, որոնք պաշտոնական Բաքուն գնահատել է ապօրինի և Լը Ռուին ներառել ավելի քան 600 անձից բաղկացած ադրբեջանական հայտնի «սև ցուցակում»:
Այցը, որի վերաբերյալ ադրբեջանական դիվանագիտական գերատեսչությունը չէր թաքցրել իր վրդովմունքը, տեղի է ունեցել 2015 թվականին: Սեն-Սեն-Դենի շրջանից ընտրված պատգամավոր Բրունո Լը Ռուն, ով ներկայացնում է Ֆրանսիայի իշխող կուսակցությունը, Լեռնային Ղարաբաղում մասնակցել է անկախության 25-ամյակի միջոցառումներին՝ միաժամանակ ծանոթանալով Ղարաբաղի առաջնագծում տիրող իրավիճակին:
«Ֆրանսիան Մինսկի խմբի համանախագահող երկիր է, և մենք հենց դրա համար ենք այստեղ, որպեսզի կարողանանք քննարկել այդ հարցերը և տեսնենք, թե ինչն է արգելափակում խաղաղության տանող գործընթացը: Մենք եկել ենք տեսնելու մի երկրի առօրյան, որը, փաստորեն, պատերազմի մեջ է: Եկել է իրերն իրենց անուններով կոչելու ժամանակը», - առաջնագծում հայտարարում էր ֆրանսիացի քաղաքական գործիչը:
Մինչ այդ, Լը Ռուն հայկական շրջանակներին առավելապես հայտնի է իր երկրում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանն ուղղված ակտիվ գործունեությամբ: Ֆրանսահայերը նրան համարում են Հայ դատի ջատագով, ով տարիներ ի վեր հավատարիմ է եղել հայկական խնդիրների բարձրաձայնմանը: Այս մասին հայտարարել է, մասնավորապես, Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հարութ Մարտիրոսյանը:
Ինչպիսին կլինի պաշտոնական Բաքվի քայլը ադրբեջանական «սև ցուցակի» 91-րդ համարը հանդիսացող ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյայի հարցում, առայժմ հստակ չէ:
Այդ երկրի դիվանագիտական գերատեսչության խոսնակ Հիքմեթ Հաջիևը նախօրեին հայտարարել է, թե «անկախ զբաղեցրած պաշտոնից և անձից՝ ցանկացած արտասահմանցի, ով խախտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մասին օրենքը, ապօրինաբար այցելում է Ադրբեջանի օկուպացված տարածք, ընդգրկվում է անցանկալի անձանց ցուցակում»: