Մատչելիության հղումներ

Նալբանդյանը մասնակցել է Աֆղանստանին նվիրված՝ ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը


ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ներկա է գտնվել և ելույթ ունեցել Աֆղանստանում անվտանգության ապահովման «Վճռական աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և առաքելության մասնակից շուրջ չորս տասնյակ երկրների ԱԳ նախարարներ:

Ելույթ ունենալով հանդիպմանը՝ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու օժանդակությունը Աֆղանստանում անվտանգության և ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող հավաքական ջանքերին:

«Մեր զինծառայողների՝ Աֆղանստանում գտնվելու փաստը, ինչպես նաև մեր ներկայությունն այսօր այստեղ, Աֆղանստանում խաղաղությանը, անվտանգությանը և կայունությանը մեր շարունակական նվիրվածության լավագույն վկայությունն են: Մենք միասնական ենք «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում համատեղ ջանքերով այս նպատակներին հասնելու և աֆղանական իշխանությունների կողմից երկրի արդյունավետ վերահսկողության իրականացմանը, ինչպես նաև երկարաժամկետ անվտանգության ապահովմանն աջակցելու հարցում: Շատ բան արդեն արվել է, այնուամենայնիվ, դեռ բավականաչափ անելիքներ կան», - Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը: - «Անվտանգության հետ կապված միջադեպերը շարունակում են մեր ուշադրությունը սևեռել Աֆղանստանի առջև ծառացած մարտահրավերների վրա: Մտահոգիչ են Թալիբանի գործունեության և Աֆղանստանում ԴԱԻՇ-ի [«Իսլամական պետության»] և այլ ահաբեկչական խմբավորումների ներկայության մասին տեղեկությունները: Դա մեզ հիշեցնում է, որ աշխարհի մի կետում անվտանգության խնդիրները, համապատասխան ուշադրության չարժանանալու դեպքում, սպառնալիք են դառնում բոլորիս համար: Դա նաև ամրապնդում է մեր միասնական վճռականությունը շարունակելու միասնական ջանքերը՝ ապահովելու համար նրանց անվտանգությունը, ովքեր դրա կարիքն ունեն: Ահաբեկիչները պետք է զրկվեն պարարտ հող գտնելու հնարավորությունից»:

«Հենց այսպիսի ընկալմամբ էլ Հայաստանը հանձնառություն է ստանձնել՝ իր ներդրումն ունենալու միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման միասնական ջանքերում: Դրա վկայությունն է նաև անցյալում ու ներկայում մեր մասնակցությունը Իրաքում, Կոսովոյում, Լիբանանում և Մալիում իրականացվող միջազգային առաքելություններին», - ասել է նախարարը:

«Ինչպես Վարշավայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի իր ելույթում վերահաստատեց Հայաստանի Հանրապետության նախագահը, 2017 թվականի ընթացքում հայկական զորախումբը կշարունակի ներկայիս մակարդակով ծառայություն իրականացնել «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում: Մենք նաև պատրաստակամություն ենք հայտնել մասնակցել «Տևական գործընկերությանը», երբ այն կփոխարինի «Վճռական աջակցություն» առաքելությանը», - նշել է Էդվարդ Նալբանդյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG