Մատչելիության հղումներ

Սեֆիլյանը զրկված է տեսակցության իրավունքից անգամ նախաքննության ավարտից հետո


Ժիրայր Սեֆիլյան, արխիվ
Ժիրայր Սեֆիլյան, արխիվ

Դատախազությունը հայտարարում է, թե անազատության մեջ գտնվող անձանց տեսակցության իրավունքի սահմանափակմանն առնչվող հարցերը պարբերաբար վերանայվում են:

«Հիմնադիր խորհրդարան»-ի կալանավորված առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի տեսակցությունների արգելքը նախաքննության ավարտից հետո անգամ չեն վերացրել։

Գլխավոր դատախազությունը մերժել է Սեֆիլյանի պաշտպանի դիմումը և շարունակում է արգելել նրա հանդիպումն ընտանիքի անդամների հետ։ «Ազատության» հետ զրույցում փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ դիմել է դատարան՝ բողոքարկելով արգելքը չվերացնելու մասին դատախազության որոշումը։

«Որևէ ձևով հիմնավորված չէ մեկ նախադասությամբ՝ «նախաքննության շահերից ելնելով», սահմանափակումներ դնել։ Քանի որ, ըստ էության, նախաքննությունն ավարտվել է: Արդեն վերացել է այն վտանգը, որ կարող է նախաքննությանը խոչընդոտ լինել, ինչ-որ ձևով ապացույցներ թաքցված լինի, առարկայազուրկ է այդ որոշումը»,- ասաց փաստաբանը:

Սեֆիլյանը մեղադրվում է 2015-ի ապրիլի 24-ի նախօրեին զանգվածային անկարգություններ կազմակերպելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք իրացնելու, պահելու և փոխադրելու, դրանց կիրառմամբ, Երևանի հեռուստաաշտարակն ու այլ կառույցներ զավթելու գործողություններ նախապատրաստելու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում և շարունակում է հայտարարել՝ իրեն ճաղերի հետևում են պահում քաղաքական հայացքների համար։

Տիգրան Հայրապետյանի պնդմամբ, եթե անգամ Սեֆիլյանը կալանավայրում հանդիպում ունենա որևէ մեկի հետ, ապա ցանկության դեպքում էլ չի կարող նախաքննական գաղտնիք փոխանցել։ «Ամենամեծ ցանկության դեպքում չեն կարող ինֆո դուրս տալ։ Ծիծաղելի է շարունակել նման պնդումները, թե կարող են խոչընդոտել նախաքննությանը, եթե այն արդեն ավարտված է»,- շարունակում է փաստաբանը:

Գլխավոր դատախազությունն օրերս հայտարարեց, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով անցնող 12 մեղադրյալների տեսակցությունների արգելքը վերացված է։ Ի պատասխան «Ազատության» հարցման, Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից փոխանցեցին, որ նրանց թվում են, մասնավորապես, Անդրիաս Ղուկասյանը, «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Հովհաննես Ղազարյանը և Կարո Եղնուկյանը։ «Սասնա ծռեր» խմբի անդամների տեսակցությունների արգելքը, սակայն, շարունակում է մնալ ուժի մեջ։ Դատախազությունը նաև հաղորդում է, թե անազատության մեջ գտնվող անձանց տեսակցության իրավունքի սահմանափակմանն առնչվող հարցերը պարբերաբար վերանայվում են:

Մինչ այդ էլ հատուկ քննչական ծառայությունը հաղորդել էր, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով անցնող մեղադրյաներից ոմանց ու նաև Սեֆիլյանի մասով նախաքննությունն անջատվել է գնդի գրավման ընդհանուր գործից: Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, գործն էլ ուղարվկել է փաստաբաններին։

Փաստաբան Հայրապետյանը ցույց է տալիս իր աշխատասենյակի դարակներում գտնվող 66 հատորանոց գործն ու ընդգծում՝ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդին մեղսագրվող արարքներում այդպես էլ չի գտնում կոնկրետ հանցանքների նկարագրությունը։ Նախաքննական մարմինը 3 ամիս ժամանակ է տվել Սեֆիլյանի պաշտպաններին՝ նյութերին ծանոթանալու համար։ «Ընդհակառակը՝ նախաքննական մարմնի ձևակերպումներում տեղ են գտել քաղաքական գնահատականներ»,- հավելում է Սեֆիլյանի պաշտպանը։

Եթե Սեֆիլյանի փաստաբանը տեղեկացվել է իր պաշտպանյալի տեսակցությունների արգելքի մասին, ապա ՊՊԾ գնդի տարածքի գրավման գործով մի շարք մեղադրյալներ ու նրանց պաշտպաններն այդ մասին որևէ տեղեկություն չունեն։ «Սասնա ծռեր» զինված խմբի կալանավորված անդամ Պավել Մանուկյանի մասով ևս նախաքննությունն ավարտված է։ Նրա պաշտպան Հարություն Բաղդասարյանն ասաց, որ թե՛ քննիչները, թե՛ դատախազներն իրենց հստակ պատասխան չեն տալիս։ Բաղդասարյանը ևս պնդում է՝ անտրամաբանական է կալանավորին զրկել տեսակցությունների իրավունքից, եթե գործը շուտով դատարան է մտնելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG