Թուրքիայի վարչապետը չի բացառում, որ մոտ ապագայում իր երկրի և Ռուսաստանի միջև ողջ առևտուրը կարող է իրականացվել բացառապես ռուսական ռուբլով և թուրքական լիրայով: Այս մասին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Բինալի Յըլդըրըմն ասել է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում:
«Որպեսզի դա իրականություն դառնա, հարկավոր է մի շարք տեխնիկական խնդիրներ լուծել: Երկու երկրների կենտրոնական բանկերն արդեն իսկ աշխատում են այդ ուղղությամբ: Թե՛ Թուրքիան և թե՛ Ռուսաստանը նման հեռանկարին դրական վերաբերմունք ունեն», - հայտարարել է Յըլդըրըմը:
Թուրքիայի վարչապետի հայտարարության հրապարակումից քիչ անց, սակայն, պաշտոնական պարզաբանումներով հանդես եկավ Ռուսաստանի կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը: Ռուսաստանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ՝ Կենտրոնական բանկի մասնագետները Թուրքիայի հետ առանձին համաձայնագրի կնքման իմաստ չեն տեսնում:
«Ռուսաստանի և Թուրքիայի տնտեսվարող սուբյեկտների միջև ազգային տարադրամներով փոխադարձ հաշվարկներ իրականացնելու որևէ իրավական կամ տեխնիկական խոչընդոտ գոյություն չունի: Դրա հետ մեկտեղ, այս առթիվ առանձին համաձայնագրի կնքման անհրաժեշտություն չկա, քանի որ այս կամ այն պայմանագրում ամրագրված տարադրամի ընտրությունը արտաքին տնտեսական հարաբերություններում ներգրավված անձանց իրավունքն է», - նշված է Ռուսաստանի կենտրոնական բանկի հայտարարության մեջ:
Երեկ երեկոյան Թուրքիայի վարչապետին Կրեմլում ընդունեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծում էր, որ մեկ տարի առաջ երկու պետությունների միջև ծագած ճգնաժամը հաղթահարվում է:
«Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մենք վերականգնում ենք մեր հարաբերությունները փոխգործակցության գրեթե բոլոր ուղղություններով», - ասում էր Ռուսաստանի նախագահը` արձանագրելով, սակայն, որ ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունները դեռ չեն վերադարձել նախաճգնաժամային մակարդակին:
«Մի շարք պատճառներից ելնելով, որոնք ես այժմ չեմ թվարկի, մեր երկու պետությունների միջև ապրանքաշրջանառությունը բավական մեծ անկում է արձանագրել: Հուսով եմ, որ նաև Ձեր այցի ընթացքում գործուն ջանքերի կդիմենք այդ բացասական միտումը հաղթահարելու ուղղությամբ», - դիմելով թուրքական կառավարության ղեկավարին՝ ասում էր Պուտինը:
Թուրքիայի վարչապետի խոսքով ևս՝ Անկարայում հույս ունեն, որ առաջիկա ամիսներին վերջնականապես հնարավոր կլինի վերականգնել համագործակցության նախաճգնաժամային ծավալները: Դա, ըստ Յըլդըրըմի, նախևառաջ վերաբերում է ռուս-թուրքական էներգետիկ համագործակցությանը:
«Ես համոզված եմ, որ տարին, որն աչքի ընկավ մեր երկու պետությունների համար անցանկալի զարգացումներով, այլևս անցյալում է: Մենք բազմաթիվ համատեղ ծրագրեր ենք իրականացրել, հիշենք թեկուզ «Երկնագույն հոսքը»: Այս պահին օրակարգում է արդեն «Թուրքական հոսքի» նախագիծը, որի իրագործումը հնարավորություն կտա մեզ ոչ միայն զարգացնել երկկողմ հարաբերությունները, այլև էներգառեսուրների դեպի Եվրոպա արտահանման նոր ուղիներ ստեղծել», - նշում էր Թուրքիայի վարչապետը:
Էներգետիկ մյուս ծրագիրը, որի մասին երեկ Կրեմլում կայացած բանակցությունների ընթացքում խոսում էին Վլադիմիր Պուտինն ու Բինալի Յըլդըրըմը, ռուսական ընկերությունների կողմից Թուրքիայում կառուցվող ատոմակայանի ճակատագիրն էր:
«Ռուսաստանի էներգետիկայի նախարարի և վարչապետի հետ բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք այն խոչընդոտները, որ գոյություն ունեն «Ակկույու» ատոմակայանի շինարարության ընթացքում: Մեր ցանկությունն է, որպեսզի ատոմային էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնվի արդեն 2023 թվականին», - հայտարարում էր Թուրքիայի վարչապետը: