Մատչելիության հղումներ

Հերթական ցնցումը Վրաստանի ֆինանսական շուկայում


Վրացական լարիի թղթադրամներ և թեթրիի մետաղադրամներ, արխիվ
Վրացական լարիի թղթադրամներ և թեթրիի մետաղադրամներ, արխիվ

Վրացական լարիի փոխարժեքի անկման ֆոնին թբիլիսցի տնտեսագետները փորձում են հասկանալ` ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Գիորգի Կվիրիկաշվիլիի կառավարությունը ազգային տարադրամի հետագա արժեզրկումը կանխելու համար:

Լարին արժեզրկվում էր վերջին մի քանի ամիսներին, սակայն դեկտեմբերի սկզբից արժեզրկման տեմպերը կտրուկ աճեցին. մեկ օրում լարիի փոխարժեքը ամերիկյան դոլարի հանդեպ նվազեց 11 կետով` անցած շաբաթավերջին հասնելով մեկ դոլարի դիմաց 2 լարի 70 թեթրի ցուցանիշին: Հետագայում՝ Կենտրոնական բանկի միջամտության շնորհիվ, իրավիճակը փոքր-ինչ շտկվեց, բայց փորձագետները համոզված են` լարիի արժեզրկումը կարող է վերսկսվել ցանկացած պահի:

Ընդդիմադիր «Ազգային միացյալ շարժում» կուսակցության անդամ, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Ռոման Գոցիրիձեն պնդում է, որ լարիի արժեզրկումը նախևառաջ կառավարության ապաշնորհ գործողությունների հետևանք է:

«Լարին ահավոր վիճակում է, սակայն կառավարությունը անհանգստության նշույլներ այլևս չի ցուցաբերում: Պատճառը ազգային տարադրամի դիրքերի որոշակի վերականգնումն է: Դա, սակայն, միանգամյա միջամտության արդյունք էր, և կասկած չկա, որ շատ շուտով կառավարությունը կրկին նույն խնդրին է բախվելու: Իսկ եթե լարիի փոխարժեքը կայուն չէ, ապա սպառողական գները ևս կայուն լինել չեն կարող», - նշում էր Գոցիրիձեն:

Մեկ այլ թբիլիսցի տնտեսագետի` Գիա Խուխաշվիլիի համոզմամբ ևս՝ արժութային շուկայում նկատվող խուճապային տրամադրությունների գլխավոր պատճառը գործադիր իշխանության քայլերն են:

«Կառավարության ժամանակավրեպ գործողությունները` մասնավորաբար ակցիզային դրույքաչափերի բարձրացման մասին որոշումը, փլուզեցին լարիի փոխարժեքը: Սրան էլ գումարվեց կառավարության բացարձակապես անհասկանալի նախաձեռնությունը, ըստ որի ֆիզիկական անձանց դոլարային վարկերը կոնվերտացվելու են լարիի, այն էլ՝ արտոնյալ փոխարժեքով: Ես չեմ բացառում, որ բանկերն այժմ զանգվածաբար դոլար են գնում, որպեսզի հետագայում կարողանան առավելագույն շահույթ ստանալ», - հայտարարում էր թբիլիսցի փորձագետը:

Կառավարության հետ սերտ առնչություններ ունեցող փորձագետներն արդեն իսկ նշում են ֆինանսական այն կառույցների անվանումները, որոնց պատճառով երկրի արժութային շուկայում հերթական ցնցումը տեղի ունեցավ: Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած «Համագործակցություն 2030» կազմակերպության փորձագետ Միխեիլ Դոնդուան Թբիլիսիում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարում էր․ - «Արժութային շուկայի խոշորագույն դերակատարները իրենց ձեռնարկած քայլերի համար պետք է խստորեն պատժվեն: Կարծում եմ, որ TBC-Bank-ի և «Վրաստանի բանկի» գործողություններով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Քանի դեռ կասկածելի գործարքներով զբաղվող բանկերը չեն պատժվել, տուժելու են շարքային քաղաքացիները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG