Մատչելիության հղումներ

Բյուջեի նախագծում «չի երևում Հայաստանի ծանր հիվանդ տնտեսության բուժման դեղատոմսը»


Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհրդարանում, 6-ը դեկտեմբերի, 2016 թ․

Խորհրդարանում այսօր վերսկսվեցին հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումները: Վաղն այն կդրվի քվեարկության:

Խորհրդարանն այսօր ավարտեց հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումները, վաղն այն կդրվի քվեարկության:

Նոյեմբերին օրենսդիրների հետ տեղի ունեցած քննարկումների առաջին փուլից հետո ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր ներկայացնում էր 2017 թ․ բյուջեի նախագծի լրամշակված տարբերակն ու փորձում հիմնավորել, թե ինչու է պատգամավորների երեք հարյուրից ավելի առաջարկներից միայն երեք տասնյակն ընդունվել:

Անկախ պատգամավոր էդմոն Մարուքյանը դժգոհեց՝ առաջին անգամ վերջին 4 տարիների ընթացքում իր առաջարկներից որևէ մեկը կառավարությունը չի ընդունել: Մարուքյանն անդրադարձավ, մասնավորապես, պաշտպանության ոլորտի ծախսերին: «Մենք մի խումբ պատգամավորներով պաշտպանական ծախսերի ավելացման (անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու հետ կապված) առաջարկներ ենք ներկայացրել: Էս մասով էլ գրված է՝ կքննարկենք, կքննարկենք, երևի թե գեղեցիկ չի եղել ասել՝ չի ընդունվում առաջարկը, գրվել ա՝ կքննարկենք»,- դժգոհեց Մարուքյանը:

Նախարար Արամյանը հակադարձեց՝ անհրաժեշտ գումարի աղբյուրներ չունեն, պակասուրդը չեն կարող մեծացնել, օրենքն է արգելում: Տնտեսվարողի վրա էլ հավելյալ բեռ դնել չեն կարող, քանի որ այդ դեպքում տնտեսական զարգացում չի լինի: «Ենթադրենք տրամաբանորեն 23 միլիարդը մեծացնում ենք, պետք է լինի դրա ֆինանսավորման աղբյուրը․․․»:

Էդմոն Մարուքյանը չհամաձայնեց նախարարի այս փաստարկին: Գումարի աղբյուրներն, ըստ նրա, շատ են՝ «Ասում եք աղբյուրը ո՞րտեղից: Տնտեսումներից պետք է լինի, ուռճացված կառավարության կառավարման համակարգի հաշվի պետք է լինի: Էլի տեղեր կարող ենք ասել՝ ՊԵԿ-ի շենքը վաճառելու հաշվին պետք է լինի, Կենտրոնական բանկի շենքը վաճառելու հաշվին պետք է լինի, էնքան բան կա․․․բայց էդ կրճատումները չեն արվում, օպտիմալացում ես չեմ տեսնում, միայն հռետորաբանության մեջ է դա մնացել»,- ասաց Մարուքյանը:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հայտարարեց՝ բերված փաստաթղթում չի երևում Հայաստանի հիվանդ տնտեսությունը բուժելու դեղատոմսը: «Հայաստանի տնտեսությունը տառապում է կոռուպցիայի, մենաշնորհների և, ինձնից լավ գիտեք, թե որ հիվանդությունների արդյունքում: Դրա դեղատոմսը բերե՞լ եք»,- հարց տվեց ընդդիմադիր պատգամավորը:

Ֆինանսների նախարարը հակադարձեց՝առաջարկվող լուծումները ոչ թե բյուջեի, այլ կառավարության ծրագրում են տեղ գտել: «Ենթադրենք՝ լիցենզիաները պետք է բացառապես էլեկտրոնայնացվի: Արդյո՞ք սա կոռուպցիայի դեմ ուղղված քայլ է: Այո: Մեր կառավարության կողմից նախաձեռնված քայլերը, որոնք հենց կոռուպցիայի դեմ են ուղղված, մենք դրանցում հաջողություն ենք ունենալու, և դա որոշակիորեն պետք է նաև տարանջատել բյուջետային գործընթացներից»,- ասաց ֆինանսների նախարարը:

Արամ Մանուկյանն արձագանքեց՝ «Ռադիկալ բաներ են պետք: Մի երկիր, որտեղ պաշտոնապես 40 տոկոս ստվեր կա, դուք դրա մասին բացարձակ չեք ասում: Մեր երկրում առնվազն հինգ Թրամփից հարուստ միլիարդատերեր կան: Էդ ո՞նց ա առաջացել: Չե՞ որ դա համակարգային հիվանդության արդյունք է, մրցակցության արդյունք չի: Եվ դուք էսօր էդ ռակը թողած, մրսածության կաթիլներ եք տալիս: Դրանով էս երկիրն ուշքի չի գա»:

ՀԱԿ, ՕԵԿ եւ ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր հայտարարեցին, որ 2017թվականի բյուջեի նախագծին դեմ են քվեարկելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG