Ֆրանսիայի վարչապետ Մանյուել Վալսը հրաժարական է տվել: France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիական կառավարության նոր ղեկավար է նշանակվել Բեռնար Կազնյովը, ով մինչ այդ գլխավորում էր ներքին գործերի նախարարությունը:
Վալսի հրաժարականը պայմանավորված է 2017 թվականի ապրիլին անցկացվելիք նախագահական ընտրություններում որպես Սոցիալիստական կուսակցության թեկնածու առաջադրվելու նրա ցանկությամբ:
Հիշեցնենք, Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը օրերս հայտարարեց, որ չի պայքարելու վերընտրվելու համար: Այդուհանդերձ, սոցիալիստների թեկնածուն դառնալու համար Մանյուել Վալսը դեռ պետք է հաղթի երկրում առաջին անգամ անցկացվող ներկուսակցական ընտրություններում: