Մատչելիության հղումներ

Գանայում շուրջ մեկ տասնամյակ կեղծ ամերիկյան դեսպանատուն է գործել


Գանա - Կեղծ ամերիկյան դեսպանատունը Աքքրայում
Գանա - Կեղծ ամերիկյան դեսպանատունը Աքքրայում

Գանայի Հանրապետությունում շուրջ տասը տարի գործել է կեղծ ամերիկյան դեսպանատուն, որը հայտնաբերվել է ընդամենը շաբաթներ առաջ: Այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը՝ ներկայացնելով որոշ մանրամասներ:

Մայրաքաղաք Աքքրայում յուրաքանչյուր երեքշաբթի և ուրբաթ, առավոտյան ժամը 7:30-ից մինչև 12-ը երկհարկանի շենքը, որում տեղակայված էր այսպես կոչված ամերիկյան առաքելությունը, իր դռներն էր բացում Արևմտյան Աֆրիկայի բնակիչների համար, ովքեր ներս մտնելով շենք, տեսնելով ամերիկյան դրոշը, պատից կախված Բարաք Օբամայի դիմանկարը և դեսպանատներին հատուկ կահկարասին՝ դժվար թե կասկածեին շենքի ոչ-պաշտոնական կարգավիճակի մասին:

Կառույցի գործունեությունը, ինչպես նշում է Պետքարտուղարությունը, ղեկավարում էին Թուրքիայի և Գանայի հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ, ինչպես նաև միգրացիոն և քրեական գործերով տեղացի մի փաստաբան: Կեղծ դեսպանատան աշխատակիցների դերում հանդես էին գալիս Թուրքիայի անգլախոս քաղաքացիներ:

Կեղծ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը տարիներ ի վեր գործել է պատկան մարմինների թողտվությամբ. հանցավոր խմբավորման ղեկավարներին հաջողվում էր կաշառքների միջոցով ոչ միայն խուսափել ստուգումներից, այլև ստանալ իսկական փաստաթղթերի ձևաթղթերը:

Գանայում Միացյալ Նահանգների իսկական դեսպանատունը
Գանայում Միացյալ Նահանգների իսկական դեսպանատունը

Գանայի մայրաքաղաքում երկրորդ «ամերիկյան առաքելության» գործունեության մասին գործի քննությունը նախաձեռնել է իսկական դեսպանատան աշխատակիցներից մեկը: Գործին միացել են ոստիկանությունը, հատուկ նշանակության ջոկատը, հետաքննությունների բյուրոյի աշխատակիցները, ինչպես նաև Գանայում Կանադայի դեսպանության ներկայացուցիչները:

Առայժմ, սակայն, հայտնի չէ, թե քանի մարդ է կեղծ դեսպանատան կողմից ապօրինի ճանապարհով ամերիկյան վիզա ստացել և մեկնել Միացյալ Նահանգներ: Հայտնի չէ նաև, թե ինչպես են հանցագործները ստացել իսկական ամերիկյան վիզաներ, որոնց դիմաց պահանջում էին մինչև 6 հազար ամերիկյան դոլար:

Քննության վարկածով՝ կեղծ փաստաթղթերը պատրաստվում էին հագուստի խանութում, որտեղ հայտնաբերվել է կարի մեքենա, որով էլ, ինչպես ենթադրվում է, կարվում էին կեղծ անձնագրերը:

Շինծու դեսպանատունը իր գործունեությունը գովազդել է թռուցիկների և պաստառների միջոցով՝ այդպիսով հաճախորդներ ձեռք բերելով ոչ միայն Գանայից, այլ նաև հարևան Կոտ դ'Իվուարից և Տոգոյից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG