Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան. Ծառուկյանին վերադարձրին՝ ընդդիմադիր դաշտը վերահսկելու համար


Ըստ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի, «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանին թույլ են տվել վերադառնալ քաղաքականություն՝ ընդդիմադիր դաշտը վերահսկողությունից բաց չթողնելու համար։

«Սերժ Սարգսյանի ինչի՞ն էր պետք, որ Ծառուկյանը վերադառնա։ Նպատակները բազմաթիվ են՝ քաղաքական դաշտը լղոզելու, սեփական թիմից դուրս մնացած որոշակի մարդկանց, որոնց չի կարողանում Հանրապետականի ցուցակում գրել, բայց որոնք իր ջան ախպերներն են, հիմա Ծառուկյանի ցուցակում սիրուն կգրի, կտա ձեռքը կասի՝ «տար»։ Բազմաթիվ խնդիրներ է լուծում, բայց նաև հիմնական խնդիրը, որ կա, դա գործընթացները վերահսկողությունից բաց չթողնելու խնդիրն է, և այդ առումով վստահաբար մենք մտահոգություն ունենք», - ասաց Սարգսյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ Ծառուկյանը վերադառնում է քաղաքականություն՝ տանելու ստեղծվելիք ընդդիմադիր դաշինքի ձայները։

«Լուսավոր Հայաստան» (ԼՀ), «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) և «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները, հիշեցնենք, անցած շաբաթավերջին հայտարարեցին 2017-ի ընտրություններին դաշինքով մասնակցելու մտադրության մասին։

Երկուշաբթի օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն «Ազատության»-ն ասաց, որ Գագիկ Ծառուկյանը որպես ընդդիմադիր կմասնակցի առաջիկա քաղաքական գործընթացներին՝ նշելով, որ Ծառուկյանը վերադառնում է լրջագույն համակարգային փոփոխություններ իրականացնելու նպատակով:

Արամ Սարգսյանի խոսքով՝ Ծառուկյանին թույլ են տվել, որ վերադառնա քաղաքականություն։ «Ծառուկյանը սեփական կամքով դուրս չի եկել քաղաքականությունից ու սեփական կամքով չի, որ վերադարձել է քաղաքականություն։ Իրեն թույլ են տվել, որ վերադառնա քաղաքականություն։ Ինչի՞ց է վախեցել Սերժ Սարգսյանը, որ թույլ է տվել, որ Ծառուկյանը վերադառնա քաղաքականություն՝ էս հետևությունը թողնում եմ քաղաքական դաշտին։ Թող մտածեն՝ ի՞նչն էր, որ մտահոգություն առաջացրեց Սերժ Սարգսյանի մոտ, որի պատճառով ինքը ստիպված եղավ Ծառուկյանին նորից քաղաքական դաշտ մտցնել։ Թող նայեն քաղաքական դաշտին, գնահատականներ տան, իսկ իրենց պահվածքով իրենք դասեր տալու կամ բարոյախոսության, կամ ողջունելու իրավունքը չունեն։ Բոլորս հիշողություն ունենք, չի կարելի հիշողությունը բթացնել», - ասաց Սարգսյանը՝ շարունակելով. - «Բերել են հասցրել են Մարկեսի Մակոնդո քաղաքը՝ պատերին գրենք, որ «Աստված կա», գրենք, որ «Ծառուկյանը ոչ-իշխանություն է», «Սերժ Սարգսյանը իշխանություն է», հա՞, էսպես գրե՞նք»։

Ըստ «Հանրապետություն» կուսակցության նախագահի, իշխանությունը տեսավ, որ կան ուժեր, որոնք «իր սեփական վերահսկողությունից դուրս են, իր հաճախորդները չեն», ու հիմա փորձում է այդ խնդիրը լուծել։

«Ակնհայտ է, որ իշխանությունը խնդիրը բաժանել է իր մեջ՝ ստեղծելով իշխանություն և հաճախորդ ոչ-իշխանական ուժեր։ Էդ ոչ-իշխանական ուժերը, ինչքան էլ իրենց անպատվել են, «դատարկ դհոլ» են ասել, էսօր գիրք են գրում, նվիրում էդ իշխանությանը և մաս են կազմում այդ իշխանության մեջ, հետո իրենց անպատվելուց, «սակավամիտ» ասելուց հետո, «շեֆ ջան» ասելով, փողկապը կապած՝ հետևից տարբեր տեսակի մարզադահլիճներ են բացում ու ժապավեններ են կտրում։ Էս ամեն ինչը հանրությունը տեսնում է, ու դրանից հետո չգիտեմ՝ տուկի թելին են կարոտե՞լ, թե՞ սելիտրային, տրակտորների՞ն, հա, որովհետև էդ կարգի կարոտած կուսակցություններ կան, հասկանում եմ, բայց այդ կուսակցություններն իրավունք չունեն բարոյական, բարոյախոսական կամ խրատական դասեր տան, թե՝ «դուք էլ մեր նման եք», ոչ, մենք ձեր նման չենք։ Իշխանությունը տեսավ, որ կան ուժեր, որոնք իր վերահսկողությունից դուրս են, իշխանությունը հստակ դա տեսավ, որ կան ուժեր, որոնք իր սեփական վերահսկողությունից դուրս են, որոնք իր հաճախորդները չեն, ու խնդիր ունեցավ ու հիմա փորձում է ինքն այդ խնդիրը լուծել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG