«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեղադրվում է հարկերից խուսափելու մեջ․ Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են ուսումնասիրել այդ հարցը: Այս մասին «Սանդեյ Թայմզին» տված հարցազրույցում ասել է Բրիտանիայի խորհրդարանի ֆինանսական հանձնաժողովի ղեկավարը: Չի բացառվում, որ հանձնաժողովը արդեն իսկ այս շաբաթվա ընթացքում նիստ անցկացնի՝ հրավիրելով նաև Հարկային տեսչության ղեկավարին: Մինչ այդ լսումները հարկային մարմինները ասել են, թե կոնկրետ անձանց վերաբերյալ կոնկրետ գործերը մեկնաբանելը իրենց կանոնների մեջ չի մտնում, բայց շատ լուրջ են վերաբերվում հարկերից խուսափելու բոլոր հայտարարություններին և միշտ ուսումնասիրում են դրանք:
«ԲիԲիՍիի» փոխանցմամբ, եվրոպական կիրակնօրյա մի շարք թերթեր, այդ թվում՝ «Սանդեյ Թայմզը», իրենց հրապարակումներում նոր մեղադրանքներ են հնչեցրել Մոուրինյոյի և մի քանի այլ ճանաչված ֆուտբոլիստների և մարզիչների հասցեին: Ըստ բացահայտված փաստաթղթերի, Մոուրինյոն 10 միլիոն ֆունտ սթերլինգ է դրել բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում գրանցված ընկերությունների հաշիվների վրա՝ այդպիսով խուսափելով հարկային վճարումներից:
Ըստ հրապարակումների, 2004-ից 2007 թթ․, երբ նա «Չելսի» ֆուտբոլային թիմի ավագ մարզիչն էր և 2010-ից 2013թթ․, երբ նա մարզում էր Մադրիդի «Ռեալը», Մոուրինյոն օգտագործել է օֆշորային ընկերությունների բարդ ցանցերը և հարկեր չի մուծել Իսպանիային և Մեծ Բրիտանիային: «Ռեալի» աստղ Ռոնալդուի և Ժոզե Մոուրինյոյի դեմ մեղադրանքները հիմնվում են նաև նախկինում հրապարակված նյութերի վրա:
«Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում մտադիր են հոդվածների մի ամբողջ շարք հրապարակել մեկ ընդհանուր վերնագրով՝ «Ֆուտբոլային արտահոսք»: