Մատչելիության հղումներ

Նալբանդյան. Հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա


Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի
Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի

Հայ-ֆրանսիական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ինչը դրսևորվում է երկկողմ բարձրաստիճան քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, Հայաստանի և Ֆրանսիայի նախագահների պարբերական փոխայցերով, միջազգային հարթակներում կանոնավոր երկկողմ հանդիպումներով: Այս մասին այսօր ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ Երևանում հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության չորրորդ համաժողովի բացման արարողության ժամանակ։

Հայաստանի արտգործնախարարության փոխանցմամբ, համաժողովին ներկա էին Հայաստանի տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Հայաստանի և Ֆրանսիայի մի քանի տասնյակ տեղական ինքնակառավարման մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

«Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի քաղաքների ու շրջանների միջև յոթ տասնյակ հաշվվող փոխգործակցության համաձայնագրերի շրջանակներում ամեն տարի իրականացվում են բազմաթիվ համատեղ ծրագրեր զբոսաշրջության, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտներում: Դա նաև հանդիսանում է մի յուրօրինակ օժանդակություն մեր մարզերի և համայնքների համաչափ զարգացման առումով, ինչը բարձր է գնահատվում Հայաստանի կողմից», - ասել է արտգործնախարարը՝ կարևորելով այս համաժողովը Ֆրանկոֆոնիայի շրջանակներում ապակենտրոնացված համագործակցության համատեքստում. - «Այդ ձևաչափը լավ հեռանկարներ ունի. դուք տեղյակ եք, որ Անտանանարիվուում Ֆրանկոֆոնիայի անդամ երկրները և կառավարությունները որոշում են ընդունել կազմակերպության հաջորդ գագաթաժողովը 2018 թվականին անցկացնել Հայաստանում»։

Նալբանդյանն ասել է, որ իրեն մեծապես հաճելի է տեսնել, որ համաժողովից համաժողով` հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունն առավել ընդլայնվում է` արձանագրելով վերընթաց զարգացում: «Վստահ եմ, որ այս չորրորդ համաժողովը կգա բացելու նոր հեռանկարներ, ի հայտ բերելու ապակենտրոնացված համագործակցության նոր բովանդակային հորիզոններ», - ասել է Նալբանդյանը։

Ըստ արտգործնախարարության հաղորդագրության, հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության առաջին համաժողովը տեղի է ունեցել 2006 թվականին Փարիզում, երկրորդը` 2010 թվականին Երևանում, իսկ երրորդը` 2013 թվականին Ֆրանսիայի Վալանս քաղաքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG