Մատչելիության հղումներ

Հայաստանը վերջապես հակազդում է Պակիստանի հակահայկական քաղաքականությանը


Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր


Ուրախությամբ իմացա, որ Հայաստանի Հանրապետությունը վերջապես որոշել է հակազդել Պակիստանի շարունակական ադրբեջանամետ, թուրքամետ և հակահայկական քաղաքականությանը:

Անցյալ շաբաթ «Ազատություն» ռադիոկայանը հաղորդեց, որ Հայաստանը արգելք է դրել Պակիստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովում դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքի վրա՝ ի պատասխան Պակիստանի հակաարցախյան դիրքորոշման:

Հայաստանը բացատրել է, որ «Պակիստանը հրաժարվել է ոչ միայն դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, այլև պաշտոնապես ճանաչել այն որպես անկախ պետություն»՝ ըստ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդման: Իրոք, Պակիստանը մեկն է աշխարհի այն փոքրաթիվ երկրներից, որոնք քառորդդարյա անկախությունից հետո դեռ չեն ճանաչել Հայաստանը...

Այս համեմատաբար փոքր դրվագը ողջունելի զարգացում է, որը ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարները ցանկանում են ժամանակ առ ժամանակ ցույց տալ իրենց վճռակամությունը: Նման քայլը կարող է նաև որպես նախազգուշացում ծառայել այլ երկրների համար, որ Հայաստանը պատրաստ է և ցանկանում է պաշտպանել իր շահերը, իսկ անհրաժեշտության դեպքում խոչընդոտել իր հակառակորդների շահերին:

Պակիստանի հակահայկական դիրքորոշումը նախորդում է Հայաստանի անկախությանը: Իմ հիշողության մեջ դեռ թարմ են ՄԱԿ-ում Պակիստանի դեսպանների ելույթները 1970-1980-ական թվականններին, Ժնևում (Շվեյցարիա) Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստերի ժամանակ՝ ի պաշտպանություն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումների:

1991 թվականին Հայաստանի անկախացումից հետո, Պակիստանը շարունակեց իր թշնամական քաղաքականությունը Հայաստանի և Արցախի դեմ՝ խստորեն պաշտպանելով Ադրբեջանին և Թուրքիային: Արցախյան պատերազմի տարիներին Ադրբեջանը վարձել էր մոջահեդ ահաբեկիչներ Պակիստանից և Աֆղանստանից՝ հայերի դեմ կռվելու համար: Այդ ժամանակից ի վեր, Պակիստանի և Ադրբեջանի ղեկավարները բազմաթիվ առիթներով փոխադարձ այցելություններ են կատարել՝ ամրապնդելով իրենց տնտեսական և ռազմական հարաբերությունները: Օրինակ, Պակիստանի պաշտպանության նախարար Սայեդ Աթհար Ալին 2010 թվականին այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է «համագործակցության ամրապնդումը ռազմական բնագավառում և պաշտպանական արդյունաբերության մեջ»՝ ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության: Ի պատասխան՝ նախագահ Ալիևը շնորհակալություն է հայտնել Պակիստանին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող իրավիճակի բանաձևի օգտին քվեարկելու և Ադրբեջանի դեմ ագրեսիայի հետ կապված Հայաստանը չճանաչելու համար»:

2015-ի մարտին Բաքու այցի ժամանակ Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնը հայտարարեց. - «Մենք միշտ կողմ ենք եղել Ադրբեջանի արդար դիրքորոշմանը Լեռնային Ղարաբաղի հայ-ադրբեջանական հակամարտության հարցում: Պակիստանը չի ճանաչում Հայաստանը որպես պետություն»: Նա նաև հայտարարեց, որ Պակիստանի Սենատը հայերի կողմից ադրբեջանցիների սպանությունները Խոջալուում Արցախյան պատերազմի ժամանակ ճանաչել է որպես ցեղասպանություն:

2016-ի ապրիլի 5-ին Ադրբեջանի կողմից Արցախի գյուղերի բնակիչների վրա վայրագ հարձակման ժամանակ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը կեղծ մեղադրանք ներկայացրեց Հայաստանին՝ «շարունակական հրետանային գնդակոծության» միջոցով «հրադադարի ռեժիմը խախտելու» համար: Ավելի ուշ, նույն ամսվա ընթացքում, Իսլամաբադ այցի ժամանակ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովն ասաց Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆին, որ Ադրբեջանը ձգտում է ձեռք բերել ռազմական տեխնիկա Պակիստանից: 2016-ի սեպտեմբերի 27-ին Բաքվում կայացած հանդիպման ժամանակ նմանատիպ քննարկում տեղի ունեցավ Պակիստանի պաշտպանության նախարար Ռանա Թանվիրի և նախագահ Ալիևի միջև:

2016 թվականի հոկտեմբերի 14-ին Ադրբեջան իր պատասխան այցի ժամանակ Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆն ասաց Ալիևին համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ իր երկրի հետաքրքրության մասին: Նավազը նաև «ադրբեջանական գրավյալ տարածքների ամբողջական վերադարձման, հայկական զորքերի դուրսբերման և տեղահանված անձանց ու փախստականների վերադարձի կոչ արեց»: Ի պատասխան՝ Ալիևն իր երկրի աջակցությունը հայտնեց Պակիստանի դիրքորոշմանը Ջամուի և Քաշմիրի վերաբերյալ՝ հակառակ Հնդկաստանի: Մեկ ամիս անց, երբ Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյուբովն այցելեց Պակիստան, նախագահ Մամնուն Հուսեյնը նրան հիշեցրեց, որ Պակիստանը երրորդ երկիրն էր Թուրքիայից և Ռումինիայից հետո, որ ճանաչեց Ադրբեջանը: Նախագահ Հուսեյնը նաև իր երախտագիտությունը հայտնեց Ադրբեջանին՝ Ջամուի և Քաշմիրի շուրջ Հնդկաստանի հետ վեճում Պակիստանին սատարելու համար, և խոստացավ շարունակել աջակցությունը «Լեռնային Ղարաբաղի» (Արցախի) վերաբերյալ Ադրբեջանի պահանջներին:

Ադրբեջանից հետ չմնալով՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը այցելեց Պակիստան 2016 թ. նոյեմբերի 17-ին, որտեղ վարչապետ Նավազ Շարիֆը ողջունեց նրա այցը իր «երկրորդ տուն»: Ի պատասխան՝ Էրդողանը հայտարարեց. - «Ամբողջ աշխարհը պետք է ընդօրինակի Պակիստանին...»:

Հայաստանի Հանրապետությունը և Սփյուռքը պետք է շարունակեն հակազդել Պակիստանին և հակահայկական այլ պետություններին՝ հետագայում Հայաստանի շահերին վնաս պատճառելու իրենց մտադրություններից հետ կանգնեցնելու համար: Ստորև ներկայացնում եմ մի քանի առաջարկություններ.

-- Հայաստանը պետք է դեմ քվեարկի Պակիստանի օգտին ցանկացած հարցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում.

-- Հայաստանը պետք է արգելափակի Պակիստանի ջանքերը՝ Եվրասիական տնտեսական միության հետ կապ հաստատելու համար.

-- Հայաստանը պետք է կողմ լինի Հնդկաստանին՝ Ջամուի և Քաշմիրի շուրջ Պակիստանի հետ ունեցած վեճում.

-- Ամերիկահայերը պետք է հորդորեն ԱՄՆ Կոնգրեսին լսումներ անցկացնել Պակիստանում մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ:


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Facebook Forum

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG