Մատչելիության հղումներ

Արևմուտքի հանդեպ ռուսաստանցիների վերաբերմունքում դրական տեղաշարժեր են արձանագրվել


Ըստ «Լևադա» կենտրոնի փոխտնօրենի, ռուսաստանցիների շրջանում Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու պահանջարկ կա, սակայն, հարցվածները համարում են, որ այդ հարաբերությունները նորմալացնելու նախաձեռնությունը պետք է գա Արևմուտքից:

Վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում էականորեն ավելացել են Արևմուտքի հետ հարաբերությունների նորմալացում ցանկացների թիվը: Այդ են վկայում «Լևադա» կենտոնի՝ այսօր հրապարակած սոցհարցումների արդյունքները:

Այս ամսվա ընթացքում անցկացված հարցումների տվյալներով, ռուսաստանցիների 71 տոկոսը ցանկանում է, որ Արևմուտքի հետ հաստատվի կայուն և սերտ տնտեսական, քաղաքական ու մշակութային կապեր: Անցյալ տարվա կեսի դրությամբ, նման ցանկություն էին հայտնել հարցվածների 50 տոկոսը: ԵՄ-ի հետ սերտ հարաբերությունների կողմնակիցների թիվը Ռուսաստանում, փաստորեն, աճել է 21 տոկոսով: Սա ամենաբարձր ցուցանիշն է 2000 թվականից հետո, երբ Արևմուտքի հետ սերտ հարաբերությունների օգտին արտահայտվել էին հարցվածների 76 տոկոսը:

«Լևադա» կենտրոնի փոխտնօրեն Ալեքսեյ Գրաժդանկինը, մեկնաբանելով այս ցուցանիշիները, ասել է, թե ռուսաստանցիների շրջանում Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու պահանջարկ կա, սակայն, հարցվածները համարում են, որ այդ հարաբերությունները նորմալացնելու նախաձեռնությունը պետք է գա Արևմուտքից: Հարցվածները նաև չեն հասկանում, թե Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի գործողություններն ինչու են վատ վերաբերմունքի արժանանում Արևմուտքում:

ԵՄ-ի հետ հարաբերությունների սահմանափակմանը կողմ է արտահայտվել հարցվածների 17 տոկոսը, անցյալ տարի այդ ցուցանիշը 37 էր: Այս նոյեմբերին անցկացված հարցումներով, ԱՄՆ-ի նկատմամբ բացասականորեն տրամադրվածների թիվը ևս Ռուսաստանում նվազել է: Այժմ ԱՄՆ-ին վատ, կամ շատ վատ են վերաբերվում հարցված ռուսաստանցիների 56 տոկոկսը: Սեպտեմբերին այդ թիվը 65 էր: Ըստ «Լևադա» կենտոնի փոխտնօրենի, ԱՄՆ-ի հանդեպ ռուսաստանցիների վերաբամունքում դրական տեղշարաժը կարելի է բացատրել ռուսական մամուլի հռետորաբանությամբ, որում շեշտվել է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր ջերմացումը:

Հարցվածների մեծամասնությունը՝ 57 տոկոս, համարում է, որ Ռուսաստանը պետք է վախենա ՆԱՏՕ-ից: 31 տոկոսի կարծիքով, Հյուսիսատլանտյան դաշինքից վախենալու կարիք չկա: «Լևվադա» կենտրոնի վերջին հարցումներն անցկացվել են նոյեմբերի 18-21-ը, Ռուսաստանի ավելի քան չորս տասնյակ շրջանների 137 բնակավայրերում: Հարցումներին մասնակցել է 1600 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG