Մատչելիության հղումներ

Խորհրդարանն սկսել է քննարկել «Կուսակցությունների մասին» նոր օրենքի նախագիծը


Օրենքը լրամշակելու անհրաժեշտությունը ծագել է սահմանադրական փոփոխություններից հետո:

Այս նոր օրենքով, ըստ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, կդյուրացվի կուսակցություն գրանցելու գործընթացը, կնվազեցվեն պահանջները. 200-ի փոխարեն 100 հիմնադիր անդամ, 2000-ի փոխարեն կուսակցությունը կարող է ունենալ 1000 անդամ․ - «Մեղմացո՞ւմ է սա արդյոք: Կարծում եմ, այո: Այն տեսանկյունից, որ կուսակցությանը այլևս որևէ մեկը գրանցումից հետո՝ պոստ ֆակտում չի միջամտելու նրա գործունեությանը»:

Հովհաննիսյանն ասաց, որ արդեն գործող 79 կուսակցություններին օրենսդրական փոփոխությունից հետո վերագրանցվելու պահանջ չի ներկայացվի:

Պատգամավորների մի մասը բարձրացրեց քաղաքական դաշտում զուտ ձևականորեն, թղթի վրա գոյություն ունեցող մարդ-կուսակցությունների հարցը՝ կարծիք հայտնելով, որ օրենքի ազատականացումն է՛լ ավելի կվատթարացնի իրավիճակը:

Նաիրա Զոհրաբյանը (ԲՀԿ) ասաց, որ կուսակցություն հիմնելը «քաղաքական բիզնեսի ձև է դարձել՝ ընտրությունից ընտրություն խոշոր կուսակցությունից գումար կորզելու համար»․ - «Մենք շատ լավ գիտենք, որ էդ կուսակցությունները կազմված են երկու սուբյեկտից անձը և իր կնիքը: Երրորդ սուբյեկտ այդ համադաշնության մեջ գոյություն չունի»:

Լևոն Մարտիրոսյանը (ՀՀԿ) նկատեց, թե գործող օրենքով կուսակցությունը լուծարելը բավական դժվար է, գուցե շատ կուսակցություններ շարունակում են իրենց գոյությունը փաստաթղթերով, քանի որ չեն կարող ապահովել լուծարվելու համար օրենքում առաջադրված պահանջները: Հարցին, նրա կարծիքով, լուծում չի տրվել նաև առաջարկվող նոր օրինագծում․ - «Էլի մի դրույթ ա գրած, որը երբևէ չի կիրառվել, չի կիրառվում և, վստահ եմ, չի կիրառվելու․ համագումար պետք է հրավիրվի, որ կուսակցությունը լուծարվի: Ես էդպիսի համագումար չեմ կարում պատկերացնեմ, որ կուսակցությունը՝ ասենք, երկու հազար հոգի հավաքվի, որ լուծարվի: Երկու հազար հոգին որ լինի, էլ չի լուծարվի, ակտիվ կաշխատեն: Սա է խնդիրը հիմնական, ոչ թե գրանցված կուսակցությունների թիվը, որը, ես վստահ եմ, բացարձակապես որևէ մեկին չի խանգարում, ոչ մի բանի չի վնասում: Թող հազար կուսակցություն գրանցված լինի, միևնույն է, գործունեություն են ծավալում նրանք, որոնք ծավալում են: Այդ թիվը մենք չենք որոշում»:

Արդարադատության նախարարի արձագանքը․ - «Լավատես եք, որ մտածում եք, թե մեզ մոտ 79 կուսակցություն կա, որովհետև լուծարման գործընթացն էնքան բարդ ա, որ մի 40-ը ուղղակի չեն լուծարվում դրա համար: Շատ լավ: Փորձենք հեշտացնել գործընթացը և թույլ տալ, որ նրանք հեշտությամբ լուծարվեն: Ես Ձեր առաջարկը կքննարկեմ»:

Էդմոն Մարուքյանը հարց բարձրացրեց․ արդյո՞ք Հայաստանի քաղաքական համակարգի հիմական խնդիրը այն կուսակցություններն են, որոնք միայն թղթի վրա գոյություն ունեն: Անկախ պատգամավորը նկատեց, որ կուսակցությունները զրկված են հավասար պայմաններից, համատարած «հանրապետականացման» գործընթաց է գնում, որը վտանգավոր է․ - «Որևէ այլ քաղաքական ուժի ելույթները լուսաբանվո՞ւմ են Հանրային հեռուստաընկերությամբ: Ոչ թե լուրերի թողարկումով, այլ ուղղակի եթեր: Կա՞ նման բան: Չկա՛ նման բան: Ո՞նց ա լինում, որ երկրում ինչքան մոնոպոլիստ գործարար կա, Հանրապետական կուսակցությանն ա հարում կամ անդամակցում: Ո՞նց ա լինում, որ հանրային ծառայություններ մատուցող բոլոր ընկերությունների աշխատողներին պարտադրում են, որ ընտրությունների ժամանակ, դրանից առաջ, դրանից հետո ինչ-որ կերպ Հանրապետական կուսակցությանն աջակցեն»:

Արամ Մանուկյանը (ՀԱԿ) հակասություն է տեսնում օրենքի, առաջարկվող նախագծի և ՀՀԿ-ի վերջին համագումարի միջև․ մասնավորապես, թե կուսակցական դառնալը կամավոր է: Նրա համոզմամբ՝ բոլորի համար պարզ է, որ կամավորության մասին խոսք լինել չի կարող․ - «Գիտե՞ք ժողովուրդը ինչ է ասում․ ասում է՝ կրոնը ընդունեցին․․․ 160 հազար Հանրապետական կուսակցության անդամ․ արդեն ակնհայտ զռռում է, որ ֆիկցիա է, չկա էդպիսի բան: Փոքր երկիր է, ես ունեմ ծանոթներ, որոնց երկրորդ, երրորդ անգամ հանրապետական են դարձրել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG