Մատչելիության հղումներ

Զինծառայողին սպանելու փորձի համար մեղադրանք է առաջադրվել նրա ծառայակցին


Հայաստանի քննչական կոմիտեի ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում՝ ժամկետային զինծառայող, շարքային Ազնավուր Բալեյանի՝ գլխի շրջանում հրազենային վիրավորում ստանալու դեպքի առթիվ քննվող քրեական գործով երեկ մեղադրանք է առաջադրվել շարքային Ա. Ներսեսյանին:

Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է․ - «Նախնական քննությամբ պարզվել է, որ դեպքի ժամանակ մարտական դիրքում՝ միևնույն հերթափոխում, որպես դիտորդներ հերթապահել են շարքայիններ Ա. Ներսեսյանն ու Ազնավուր Բալեյանը։ Վերջինիս՝ դիտակետում քնելու պատճառով նրանց միջև առաջացել է վիճաբանություն, որի ժամանակ հնչել են նաև հայհոյանքներ։ Ձեռք բերված ապացույցների համաձայն՝ իր հասցեին հնչեցված հայհոյանքներից իրեն ստորացված զգալով, վրեժխնդիր լինելու շարժառիթով, Ա. Բալեյանին դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով, իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց է արձակել Ա. Բալեյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով գագաթաճակատային հատվածի, գանգոսկրի վնասումով միջանցիկ հրազենային, կյանքին վտանգ սպառնացող մարմնական վնասվածք: Տեսնելով, որ Ա. Բալեյանը արնահոսում է՝ Ա. Ներսեսյանն օգնության է կանչել մարտական դիրքի մյուս զինծառայողներին և նրան տեղափոխել մոտակա զինվորական հոսպիտալ»:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ներսեսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ): Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG