Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով աղբյուրները եվրոպական երկրների հետախուզական առնվազն երկու ծառայություններում, հաղորդում է, որ ռուսական նավթատար նավերը՝ տանկերները Սիրիայում մաքսանենգություն են կատարում՝ ավիավառելիք վաճառելով սիրիական բանակի օդանավերին, և որ մաքսանենգությունն արվում է՝ օգտագործելով Եվրամիության ջրային տարածքները: Ըստ հաղորդման՝ ռուսական տանկերները մինչ Սիրիա հասնելը մտել են Կիպրոսի և Հունաստանի նավահանգիստները:
Եվրամիությունը արգելք է սահմանել Սիրիային վառելիք մատակարարելու վրա:
Ռուսաստանի տրանսպորտի և պաշտպանության նախարարությունները Reuters-ի լուրը չեն մեկնաբանել, սակայն ավելի ուշ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Եվրամիության պատժամիջոցները չեն կարող տարածվել Սիրիայում տեղակայված ռուսական ավիախմբի մատակարարումների վրա: